Այսօր քան քաղաքական ուժեր, որ ասում են, թե մենք անպայման պետք է երաշխավորներ ունենանք և այլն. իրականում երաշխավորների թեման շատ զգայուն թեմա է մեր համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ։ Որովհետև երբեմն մենք մոռանում ենք, որ մենք արդեն ապրել ենք այդպիսի ռեժիմում, երբ մենք ունենք պայմանագրային, դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ մենք ունենք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետք է պահեն մեր անվտանգությունը։

Բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը, Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ, ըստ էության, շատ բաց ու թափանցիկ հայտարարություն արեց (խոսքը Բելառուսի նախագահի մասին է), որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։

Եվ գնալ ամեն անգամ ու նույն փոցխի վրա կանգնելն անթույլատրելի է։

Մենք ասում ենք, որ ի վերջո պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ ու դեն նետեն»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ սա վերածվել է «խայտառակ ցիկլի»։

«Սա է ամենակարևոր պատմաքաղաքական փոփոխությունը, մենք արձանագրել ենք, որ թույլ չենք տա, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ և դրանից հետո դեն նետեն։ Եվ այստեղ որևէ անհարգալից բան չկա որևէ երկրի կամ անձի նկատմամբ...

Որովհետև նա, ով դա համարում է անհարգալից վերաբերմունք, պետք է մեզ ասի․ «Ո՛չ։ Դուք պետք է թույլ տաք, որ մենք ձեզ օգտագործենք ուրիշների դեմ ու վերջում դեն ծպրտենք»»։

Նման պայման հարաբերություններում չի կարող առաջարկվել և չի էլ առաջարկվում։

Իսկ երաշխավորների մասին խոսակցությունն ինձ մոտ ուղղակիորեն ասոցացվում է հետևյալի հետ. «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» մեզ ասում է. «Գիտե՞ք ինչ: Մենք չենք կարողանում հոգ տանել մեր 9 ամսական երեխայի մասին: Եկեք նրան հանձնենք մեկ ուրիշի խնամքին, եկեք մանկատուն տանք»: Իսկ մենք ասում ենք՝ ո՛չ, մենք դա թույլ չենք տա: Որովհետև այս խաղաղությունն իսկապես, բառիս բուն իմաստով, Հայաստանի Հանրապետության ժողովրդի երեխան է: Հենց ժողովուրդն է ստեղծել այս խաղաղությունը, որովհետև եթե ժողովուրդը մեզ թույլ չտար գնալ այս ճանապարհով, այս խաղաղությունը չէր ստեղծվի»,- ասել է նա: