Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 17-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը կընդունի օրենք, որի նպատակն է ապօրինի տների օրինականացումը։
«Հիմա օրենք ենք ընդունում, որովհետև հատ-հատ չի լինում լուծել, երկար է տևում։ Ուզում ենք օրենք ընդունենք՝ հեշտացված կարգով։
Գիտե՞ք մեր մոտեցումը։ Հիմա թղթերով դա անօրինական է, բայց դե մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է։ Ի՞նչ պիտի ասենք։ Հո չենք ասելու՝ «Դուրս եկեք տնից»։
Հիմա, քանի որ շատ է թիվը, մարդիկ հատ-հատ դիմում են, հատ-հատով մինչև լուծում ենք, տարիներ է տևում... Հիմա օրենք ենք ընդունում, որ փաթեթով լուծենք։
Երեկ մենք այս մասին խոսում էինք։ Ես չգիտեի, որ Դավիթաշենում էլ նման խնդիր կա։ Հաղթանակ գյուղի մասին գիտեի, Սիլիկյան թաղամասի մասին գիտեի»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ նմանատիպ խնդիր կա նաև Հայաստանի մարզերում։
«Այստեղ խնդիրն այն է, որ դրա համար իրավական հիմք չկա, և պաշտոնյաները դժվարությունների են հանդիպում՝ այս հարցերը մեկ առ մեկ լուծելիս։ Այդ պատճառով հիմա մենք ընդունում ենք այդպիսի օրենք, որը հնարավորինս կարագացնի այս գործընթացը»,- ասել է Հայաստանի վարչապետը։











