Նախորդ բանախոսները խոսում էին Հայաստանի էներգետիկ սրտի մասին, այն մասին, թե ինչ է տալիս Մեծամորը ողջ Հայաստանին, ինչպես է լուսավորում ողջ Հայաստանը։ Իսկ ի՞նչ է տալիս Հայաստանը Մեծամորին։ Այս հարցն այսօր՝ մայիսի 17-ին, Մեծամորում իր ելույթի ընթացքում բարձրացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Երբ մենք քաղաքով շրջում էինք տեսանք, որ այն հիմնականում 20 տարվա վաղեմության կառուցապատմամբ քաղաք է։ Այստեղ մեծ փոփոխություններ չկան, բացի կրպակների վերանորոգումից։

Չկա այն մեծ շարժը, որը պետք է լիներ երկրի էներգետիկ սրտում։

Մեր երկրում պետք է այսպես լինի․ եթե տեղում կա գործարան, եթե տեղում կա ձեռնարկություն, կա ատոմակայան, ապա ատոմակայանի վճարած հարկերի զգալի մասը պետք է ուղղվի Մեծամորին, որպեսզի քաղաքն ակտիվ զարգանա։

Եվ շատ կարևոր է նաև ապահովել քաղաքի շուրջ զարգացումը»,- նշել է քաղաքական գործիչը։

Ըստ նրա, Արարատյան դաշտավայրը հայտնի է իր գինեգործությամբ, սակայն այն նույնպես բախվում է անսովոր խնդրի։

«Արարատի մարզի այգեգործության ոլորտում մենք ունենք մեկ եզակի խնդիր․ աշխարհում ամենաշատ ջուր ունեցող երկրների թվում գտնվող մեր երկրում միջին մարդու հաշվով Հայաստանում ջուրը նորմայից երկու անգամ ավելի է։ Բայց Հայաստանի քաղաքացին օգտագործում է Հայաստանի ջրի ընդամենը 5%-ը։ Սակայն Արարատյան դաշտավայրում, Արմավիրի մարզում ընդհանրապես ժողովուրդը ջրի խնդիր ունի։

Ո՞րն է պատճառը։ Պատճառը ոռոգման համակարգերում է։ Տեղադրված են հին ոռոգման համակարգեր, որոնց վրա ոչ ոք չի աշխատել։ Պատճառն այն է, որ մենք նույնիսկ չենք կարողանում նորմալ կառավարել այն հարստությունը, որը մեզ տվել է Աստված։

Սևան-Հրազդան-Կասկադով ոռոգման համակարգի տարբերակը բազմիցս առաջարկվել է պետությանը։ Դա հնարավորություն կտար Արմավիրի մարզին և Արարատյան դաշտավայրին նոր շունչ ստանալ»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։