Ես իմ հնարավորությունների սահմաններում պայքարում եմ Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև նա երկիրը տանում է կործանման, ժողովրդին՝ ոչնչացման, և պղծում է ազգային սրբությունները։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է այն կինը, ով բանավեճի մեջ էր մտել արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Քաղաքացու խոսքով՝ ինքը չէր կարող լուռ անցնել այն փաստի կողքով, որ «թուրքը եկել է իր շենքի մոտ ու պղծել տարածքը»։ Նա հայտնել է, որ իր եղբայրը՝ բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանը, անհետ կորել է 44-օրյա պատերազմի ժամանակ, և իր վրդովմունքը կապված է առաջին հերթին Հայրենիքի կորստի հետ։
Կինը հավելել է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նույնպես կորուստներ են ունեցել, բայց ժողովուրդն իրեն հպարտ ու արժանապատիվ էր զգում։ «Եթե այս կորուստներն էլ բերեին երկրի հաղթանակին կամ գոնե արժանապատիվ պարտության, ես ավելի թեթև կտանեի այս ցավը, բայց նա պղծեց ամեն ինչ։ Քիչ չէ, որ կորցրինք մեր հայրենիքի զգալի մասը և հիմա էլ շարունակում ենք կորցնել, եթե նա, Աստված մի արասցե, վերընտրվի, չգիտեմ՝ ինչ կլինի հետո, թուրքական որ վիլայեթը կդառնանք։ Այս ամենի պատճառով ես չեմ կարողանում համակերպվել իմ անձնական վշտի հետ, ես Հայրենիքի կորստի հետ այսպիսի անարժանապատիվ ձևով չեմ կարողանում համակերպվել ու ներել»,- ընդգծել է նա։
Կինը նկատել է, որ պատերազմում լինում են հաղթողներ ու պարտվողներ, սակայն պարտությունները տարբեր են լինում, և կարելի է նաև արժանապատիվ պարտվել։
«Նա շատ արագ հիստերիայի մեջ ընկավ։ Ես՝ որպես բժիշկ, գնահատում եմ, որ նա ադեկվատ չի։ Նա փորձում էր ձեռքերով կպնել ինձ, և ես մի քանի անգամ գոռացի, որ ձեռքերդ հեռու տար»,- նշել է քաղաքացին։
Նա պարզաբանել է, որ իրեն չի վախեցնում այն հանգամանքը, որ իրավապահները կարող են գալ իր հետևից այս միջադեպից հետո։ Կինը հիշեցրել է, որ Փաշինյանին ասել է՝ շնորհակալ է Աստծուն, որ հնարավորություն ընձեռվեց այդքան մոտիկից նայել նրա աչքերին և ասել, որ նա գողացել է իր Հայրենիքը։
«Ես արդեն 30 տարի է այս թաղամասի բնակիչ եմ։ Թաղամասի բնակիչներից երևի մի 10 հոգի տեսա։ Այստեղ իր բերած մասսան է»,- եզրափակել է նա։











