Իշխանության ներկայացուցիչների լեքսիկոնը բավարար չափով կոշտ չէ։ Այս մասին մայիսի 18-ին Երևանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել արձակուրդում գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և բժշկուհի Արփինե Սողոյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղի մասին խոսում են «փսլինքոտներ», ովքեր պատերազմի առաջին իսկ օրվանից հեռու են մնացել Ղարաբաղից։ «Հիմա մեզ դասեր են տալիս այն մարդիկ, ովքեր 44-օրյա պատերազմից մաքսիմալ փորձել են հեռու մնալ։ Հետևապես, թող իրենք գնան իրենց դասերն իրենց տան», - հավելել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ այն պետությունը, որն այսօր ստեղծում են իշխանությունները, եթե ստեղծվեր 1990-ական թվականներին, ապա 2020 թվականին իրավիճակն այլ կլիներ։ Նա նշել է, որ պատերազմի ժամանակ ինքն անձամբ եղել է Ղարաբաղում. իր մեքենայի ուղղությամբ կրակել են, իր արարողակարգի պատասխանատուն վիրավորում է ստացել, վարորդը նույնպես վիրավորվել է, իսկ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին։
«Իմ խոսքերը վերաբերում են ոչ թե ղարաբաղցիներին, այլ երկու-երեք հոգու։ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոչ ոք այնտեղ չի եղել։ Գործը չի սահմանափակվում նրանով, որ գան ու մի քանի անգամ լուսանկարվեն»,- հավելել է Ավինյանը։
Միևնույն ժամանակ, նա բացառել է հավանականությունը, որ Փաշինյանին քննադատած Արփինե Սողոյանին կարող են ազատել աշխատանքից՝ իր քաղաքական հայացքների պատճառով։











