Արաբկիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ շենքերից պաստառները կախել են ՔՊ–ականները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել են Ղափանցյան 8 շենքի բնակիչները։
Հիշեցնենք, որ այս շենքում էր առավոտյան տեղի ունեցել միջադեպ Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցել է նրան և ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չէր տվել, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։











