Անկարայի, Բաքվի և գլոբալիստական ուժերի պահանջները կայանում են հետևյալում՝ Հայաստանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հանձնում, Հայաստանում ադրբեջանցիների բնակեցում, կարևոր տրանսպորտային հանգույցներում գտնվող առնվազն երեք հայկական տարածքների հանձնում, Հայկական ԱԷԿ-ի փակում, լեռնահանքային արդյունաբերության ոչնչացում, Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերում, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռացում։ Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի «ուկրաինացումը» նպատակ ունի թյուրքական աշխարհին առաջատար դեր հաղորդել տարածաշրջանում՝ դուրս մղելով Ռուսաստանին և Իրանին։ Նրա խոսքով՝Նիկոլ Փաշինյանը (արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ով գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը – խմբ.) համաձայնել է այս ծրագրին, իսկ դրա բոլոր հակառակորդներին նա հայտարարում է պետական դավաճաններ։
«Սակայն մեզ վրա ոչ ոք չի կարող որևէ ազդեցություն գործել։ Մենք միշտ եղել ենք ընդդիմության համախմբման կողմնակից։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չկրկնի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Առանց ընդդիմության համախմբման՝ իշխանությունները կարող են վերարտադրվել, իսկ եթե Հայաստանը կրկնի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, ապա արդեն կարևոր չի լինի, թե ով կլինի վարչապետը»,- նշել է Թևանյանը։
Նրա գնահատմամբ՝ ներկայիս ընտրությունները տարբերվում են նրանով, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի. Թուրքիան և Ադրբեջանն ակտիվ դերակատարում ունեն երկրի ներքաղաքական կյանքում, որտեղ նրանք ունեն իրենց թեկնածուն՝ ի դեմս Փաշինյանի։ «Բացի այդ, նախկինում ընտրությունների ժամանակ երբեք չի դրվել պետության գոյության խնդիրը։ Հունիսի 7-ին քաղաքացիները պետք է պատասխանեն հարցին՝ մենք կունենա՞նք Հայաստան, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»»,- նշել է նա։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը երազելու է Սահակաշվիլիի (Վրաստանի նախկին նախագահ – խմբ.) ճակատագրի մասին, քանի որ այն, ինչ Փաշինյանն անում է Հայաստանի դեմ, չունի վաղեմության ժամկետ։ Թևանյանը կոչ է արել իշխանության ստորին և միջին օղակների ներկայացուցիչներին չկատարել իշխող էլիտայի ապօրինի հրահանգները՝ խոստանալով ընտրություններից հետո նրանց նկատմամբ «վհուկների որս» չհայտարարել։ Պատգամավորության թեկնածուի գնահատմամբ՝ երեկ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել խայտառակ ապօրինություն՝ իրավապահներին ցուցումներ տալով, թե ինչ քայլեր նրանք պետք է ձեռնարկեն իր և այլ քաղաքական գործիչների նկատմամբ։
«Սա այն դեպքն է, երբ գողը բոլորից բարձր է գոռում՝ «բռնեք գողին»։ Տվյալ պարագայում պետական դավաճանն է բոլորից բարձր գոռում այն մասին, թե իր քաղաքական ընդդիմախոսներն իբր պետական դավաճաններ են։ Սա նրանց կողմից գեբելսյան քարոզչության հերթական դրսևորումն է։ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է այն մեղադրանքը, որը կիրառվելու է հենց իր դեմ՝ իշխանափոխությունից հետո։ Կան բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև Գերագույն խորհրդի որոշումն այն մասին, որ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղը կճանաչվեր Ադրբեջանի մաս»,- պարզաբանել է Անդրանիկ Թևանյանը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչը նա որակել է որպես պետական դավաճանություն։ Ընդդիմադիր գործիչը հիշեցրել է նաև, որ 2022 թվականի ապրիլին Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե միջազգային ուժերն իրեն հորդորում են «իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը»՝ տեղի հայերի անվտանգության ապահովման դիմաց, իսկ դրանից առաջ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, թե զարմացած ու հիացած է Փաշինյանի համարձակությամբ։
Թևանյանը հավելել է, որ դրան նախորդել են ստվերային գործընթացներ և հանդիպումներ, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կիջեցվի, իսկ իրականում՝ Լեռնային Ղարաբաղը կհանձնվի Ադրբեջանին, և հիմքեր կստեղծվեն հայերի էթնիկ զտումների համար։ «Դրանից հետո սկսվել է Դիմադրության շարժումը, և հանձնման գործընթացը հետաձգվեց, բայց քանի որ պայմանավորվածություններն արդեն ձեռք էին բերվել, հետո տեղի ունեցավ Ջերմուկի ուղղությամբ երկօրյա պատերազմը, որի հետևանքով մենք 200 զոհ ունեցանք։ Մենք իշխանափոխությունից հետո քրեական գործի շրջանակներում կփորձենք պարզել՝ արդյո՞ք դա համաձայնեցված պատերազմ էր՝ հայ հասարակության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու համար, որպեսզի հանձնվեր այն, ինչին Փաշինյանն այդ ժամանակ արդեն համաձայնել էր, թե՞ Փաշինյանը վախեցավ իրականացնել այդ ծրագիրը, ինչից հետո ադրբեջանցիները որոշեցին ուժ կիրառել։
Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է կայացնել մի որոշում, որի համար իրեն պետական դավաճան կանվանեն, բայց ինքը, միևնույն է, կգնա այդ ճանապարհով։ Դրան հաջորդեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին»,- ընդգծել է Անդրանիկ Թևանյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուի կարծիքով՝ Արևմուտքն այս ամենն իրականացրել է ոչ թե ընդդեմ Հայաստանի, այլ ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանն օգտագործելով որպես միջնորդ։ Իսկ Փաշինյանը, դրա դիմաց, ակնկալել է ստանալ արևմտյան ուժերի աջակցությունը՝ սեփական իշխանությունը պահպանելու հարցում։
«Դրանից հետո սկսվեց Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, որը տևեց մի քանի ամիս, իսկ Հայաստանի իշխանությունները լռություն էին պահպանում։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց հարձակման, և քանի որ այն արդեն ճանաչված էր Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահները չունեին լեգիտիմ հիմք՝ հայերի պաշտպանության գործառույթ իրականացնելու համար։ Հոկտեմբերի 6-ից հետո Սոչիում կայացավ Երևան–Մոսկվա–Բաքվու ձևաչափով հանդիպումը, որի ժամանակ պետք է ընդունվեր համատեղ հայտարարություն։ Այն խմբագրվեց, քանի որ Լեռնային Ղարաբաղն արդեն ճանաչվել էր Ադրբեջանի մաս, ինչի արդյունքում հանվեց այն տողը, թե կարգավիճակի հարցը պետք է թողնել հետագային։ Ստացվեց այնպես, որ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանդես եկան ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի։ Այս պարագայում մենք չէինք կարող դաշնակից ունենալ։ Հետագա իրադարձությունները հանգեցրին ողբերգական հետևանքների և Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտմանը»,- հայտարարել է նա։
Ինչպես հավաստիացրել է ընդդիմադիր գործիչը՝ «այս հանցագործության հեղինակն ու մեղսակիցը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանափոխությունից հետո կդատապարտվի պետական դավաճանության մեղադրանքով․․․ Նա հիանալի գիտի այդ մասին և հենց այդ պատճառով է այսօր ագրեսիա դրսևորում»,- նշել է Թևանյանը։ Նա հավելել է, որ Փաշինյանը պետք է պատասխանի այն հարցին, թե ուր են իշխանությունները ծախսել որպես պարտք վերցված 8 միլիարդ դոլարը, և ինչպես է ստացվել, որ նրա շրջապատը դարձել է դոլարային միլիոնատեր ու միլիարդատեր։
«Ննա պետք է պատասխանի հարցին, թե ինչու Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, թե էլ ինչ նախապայմանների է նա համաձայնել»,- եզրափակել է Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է ներկայումս երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թևանյանի՝ ակնկալելով, որ նրա դեմ քրեական գործ կհարուցվի պետական դավաճանության հոդվածով։











