Մի քանի օր առաջ տեսախցիկներն արձանագրել են, որ հարձակում է տեղի ունեցել դեպի իմ տուն տանող մուտքի դռան վրա։ Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։

Նա հայտնել է, որ վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը 5:40-ին, երկու երիտասարդ մոտեցել են, ուժով բացել մուտքի դուռը, որը տանում է միայն իր տուն, և որևէ այլ գործողություն չեն կատարել։ Թևանյանը պարզաբանել է, որ դա առանձին վերելակի դուռ է, որից օգտվում են միայն ինքն ու իր հարևանը։ Նա հավելել է, որ որոշ ժամանակ անց նրանք կրկնել են իրենց գործողությունները։

Թևանյանը ենթադրել է, որ սա որոշակի ազդակ էր։ «Ես սրան քաղաքական ենթատեքստ չտվեցի և դիմեցի ոստիկանություն, հարուցվել է վարույթ»,- նշել է ընդդիմադիր գործիչը։ Նրա խոսքով՝ սոցհարցումները ցույց են տալիս, որ իշխանությունները պարտվում են հավաքական ընդդիմությանը, ուստի նրանք ցանկանում են ապօրինի գործողությունների միջոցով իրեն «խաղից դուրս հանել»՝ կարծելով, թե դա կարող է վնասել ընդհանուր պայքարին։

Թևանյանը նշել է, որ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին սատարող շրջանակները հրահանգել են իրենց ենթակայության տակ գտնվող երկրներին, որպեսզի այնտեղ ապրող հայերը, տվյալ դեպքում՝ Ուկրաինայի հայերը, գան Հայաստան և ընտրությունների ժամանակ իրենց աջակցությունը հայտնեն Փաշինյանին։

Նրա տեղեկություններով՝ այս գործընթացի շրջանակներում հսկայական գումարներ են շրջանառվում։

Նա չի բացառել, որ իշխանությունները, խոսելով իր դեմ քրեական գործ հարուցելու մտադրության մասին, ցանկացել են հաճոյանալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և ցույց տալ, որ գործողություններ են ձեռնարկում Դոնբաս այցելած քաղաքական գործիչների դեմ դեմ։ Նա հիշեցրել է նաև, որ իր նկատմամբ հետախուզություն է հայտարարված Ուկրաինայում։

«Մեր այցը Դոնբաս եղել է հրապարակային և կրել է հումանիտար բնույթ։ Այցն իրականացվել է տեղի հայ համայնքի հրավերով։ Քանի որ դա պատերազմական գոտի է, մենք որոշեցինք հետաքրքրվել մեր հայրենակիցների կյանքով. դա պետք է աներ պետությունը, սակայն փոխարենն արեցինք մենք»,- եզրափակել է Թևանյանը։