Իրար «Համբալ» անվանելով՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման համար քարտեզի բացակայության հարցը չի լուծվի։ Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում Սահմանադրական դատարանի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ արդեն քանի օր է՝ սոցիալական ցանցերում անհանգստություն է տարածվում Google Maps-ում Տիգրանաշենի հայկական անվանումն ադրբեջանականով փոխելու վերաբերյալ։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ երբ Սահմանադրական դատարանում քննարկվում էր սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը, այն ի վերջո այդպես էլ չհիմնավորվեց որևէ քարտեզով, այսինքն՝ չկա մի քարտեզ, որով Հայաստանը ճանաչում է ինքն իրեն։ Միայն Տավուշի հատվածի մի մասով է նշված, որ ղեկավարվում են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզով։ Բաքվից հնչող բազմազան հավակնությունների խնդիրներին գումարվում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե իբր ՀՀ վերահսկողության տակ գտնվում են ադրբեջանական տարածքներ։ Բացի այդ, Ադրբեջանը որևէ հիմք չի ներկայացրել «անկլավների» նկատմամբ իր հավակնությունների վերաբերյալ։
Ինչպես ընդգծել է Մարուքյանը, Սահմանադրական դատարանի որոշումը բավարար չէ սահմանազատում իրականացնելու համար, քանի որ առանց քարտեզի այն կիսատ է։ «Բայց Հայաստանի իշխանությունները գնում են քննարկումների ճանապարհով, որոնց արդյունքը դառնում են երաշխավորված միակողմանի զիջումները», - շարունակել է Մարուքյանը։
Նա նաև շեշտել է, որ ըստ ՍԴ որոշման՝ Սահմանադրության նախաբանը փոխելու անհրաժեշտություն չկա, ուստի «Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ այդ հարցով հանրաքվե անցկացնել չի կարելի։ Հակառակ դեպքում ստացվում է, որ կասկածի տակ է դրվում Հայաստանի բարձրագույն դատական ատյանի որոշումը և կատարվում են Ադրբեջանի պահանջները։ ՍԴ-ն պետք է հոգ տանի իր որոշման կատարման մասին, ընդգծել է Մարուքյանը։











