Եթե Հայաստանը հիմա չսկսի ԱԷԿ-ի շինարարությունը, ապա երկիրը կմնա առանց էլեկտրականության։ Մայիսի 21-ին Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա պարզաբանել է, որ ատոմակայանը 8 տարի անց կանգնելու է, իսկ նոր ԱԷԿ-ի շինարարության համար պահանջվում է 8 տարի։ Ծառուկյանը հիշեցրել է, որ ԱՄՆ փոխնախագահը ժամանել էր Երևան և առաջարկել 9 միլիարդ դոլարով ամերիկյան մոդուլային ատոմակայաններ կառուցել։ «Ընդ որում՝ ԱՄՆ-ում այդ ԱԷԿ-ների փորձարկումները կսկսվեն միայն 2033 թվականին։ Ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները պատրաստվում պատասխանատվություն ստանձնել»,— նշել է Ծառուկյանը։

Նա հավելել է, որ խաղաղությունը, որի մասին խոսում են իշխանությունները, իրենից ներկայացնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պահանջների առաջադրում։

«Եթե նախկինում Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ապա հետո հայտարարեց՝ Արցախն Ադրբեջան է, և վերջ։ Ինչպես Ալիևն ասում է, որ Երևան չի եղել, այլ եղել է Էրիվան, այնպես էլ Փաշինյանը մի քանի ամիս անց կասի, որ Երևանն Ադրբեջան է, և վերջ։ Եթե ոչինչ չփոխվի, Հայաստանը 6 ամսվա ընթացքում կկրկնի Արցախի ճակատագիրը։

Ալիևը 2025 թվականին հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք է գան ու ապրեն Հայաստանում, իսկ եթե նրանց նեղացնեն, ապա զորք կմտցնի։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք պետք է ապահովենք իրական, երաշխավորված խաղաղություն, երկրի բարեկեցություն և ծաղկում։ Խաղաղությունը պետք է երաշխավորներ ունենա հանձին հզոր պետությունների»,- ընդգծել է Ծառուկյանը։

Նա հավելել է, որ իշխանություններն ակտիվորեն կիրառում են վարչական ռեսուրսը՝ պետական մարմինների աշխատակիցներին սպառնալով աշխատանքից ազատմամբ, եթե նրանք չգնան իրենց քարոզարշավին։ «Իշխանություններն իրենց սպառել են, նրանք չեն կատարել իրենց խոստումները»,- եզրափակել է Ծառուկյանը։