Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մեսրոպ Մանուկյանը քննադատել է իշխանություններին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կառուցված օղակաձև ճանապարհի համար։
«Իշխանությունները կարծում են, թե այստեղ օղակաձև ճանապարհ են կառուցել, որտեղ մեքենաները ողջ օրը խցանումների մեջ են մնում։ Այստեղ պետք է կառուցված լինեին վերգետնյա կամուրջ և ստորգետնյա անցում։ Այս հատվածում տարեկան տեղի է ունենում 380 ճանապարհատրանսպորտային պատահար, ամեն օր առնվազն մեկ վթար է լինում», - ընդգծել է Մանուկյանը։
Նրա հետ զրույցում վարորդները նույնպես դժգոհություն են հայտնել այն բանից, թե ինչպես են իշխանությունները կառուցել ճանապարհը։
«Մայր Հայաստան» դաշինքից Երևանի ավագանու մեկ այլ անդամ Արմենակ Դանիելյանը, հայտնել է, որ նախագծով նախատեսված էր վերգետնյա կամրջի կառուցում։ «Հնարավոր է, որ գումարները ծախսվել են այլ նպատակների վրա», - նշել է նա։
Մանուկյանն ավելացրել է, որ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ընտրություններին շատ կարևոր է։ Կարևոր է նաև քվեարկել այն ընդդիմադիր ուժերի օգտին, որոնք հնարավորություն ունեն հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, քանի որ հակառակ դեպքում այդ ձայները կարող են փոշիացվել, ինչը ձեռնտու է իշխանություններին։
Ընտրողների հետ զրույցում պարզվել է, որ ոստիկանությունն անցյալ տարվանից չի կարողանում գտնել կնոջից գողացված թանկարժեք հեռախոսը։
«Ոստիկանությունը զբաղված է նրանով, որ գործեր է սարքում ընդդիմադիրների դեմ և ծառայում է Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ պետք է զբաղվի քաղաքացիների խնդիրներով և բացահայտի հանցագործությունները», - հայտնել է Մանուկյանը։











