Հիշու՞մ եք, որ Նիկոլ Փաշինյանը 2018-19 թվերին հայտարարում էր՝ այն պահից սկսած, երբ ժողովուրդը ինձ չուզենա, ես անմիջապես հեռանալու եմ, ինչպես մնացած բոլոր պարագաներում այս հարցում ևս ստախոսը խաբել է։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին ակնհայտ է, որ ժողովուրդը ոչ միայն չի ուզում Նիկոլին, այլ զզվել է այս իշխանությունից։ Ոչ միայն զզվել է այս իշխանությունից, այլ նաև այլևս հստակ արձանագրում է, որ Նիկոլի իշխանությունը ուղիղ սպառնալիք է իր կյանքի, առողջության և երկրի անվտանգության համար։
ՔՊ-ն, Նիկոլը և իրենց այս խմբակը հստակ այլևս հասկանում են այս իրավիճակը և փորձում են իրենց իշխանության վերարտադրությունը ապահովելու համար անցնել բռնությունների նոր փուլի։ Եվ ըստ էության, Նիկոլը փորձում է ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը դիտարկել օրենքից դուրս, և կեղծ շինծու հոդվածներով, սարքած ձայնագրություններով, այս իշխանությանը բնորոշ մեթոդներով տարբեր քաղաքական գործիչների բանտարկում են, ձերբակալում են և փորձում են կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական արշավները և գործունեությունը»։
Նրա խոսքով, պետք է արձանագրել, որ Հայաստանում միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները շարունակում են մնալ լուռ և կույր, որևէ կերպ չեն արձագանքում այս ապօրինություններին, և իրենց այս քայլերով ու գործողություններով խրախուսում են Նիկոլ Փաշինյանի բռնությունները. «Իրենց այս երկակի մոտեցումներով, ըստ էության, տարածաշրջանում ձևավորում են մի նոր բռնապետ, որը ժողովրդավարության թշնամի է։
Այս իշխանության հոգեվարքը հաշվի առնելով, պետք է արձանագրել, որ իրենք ևս քաջ գիտակցում են իրենց քաղաքական վախճանի մասին և այս մեթոդներով որևէ կերպ հաջողության չեն հասնելու»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա կոչով դիմեց ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ նշելով. «Մենք Հայաստան դաշինքի անունից հայտարարում ենք, որ ցանկացած ընդդիմադիր ուժի նկատմամբ բռնություն, ապօրինություն ընկալում ենք իբրև ապօրինություն ողջ ընդդիմության նկատմամբ և համատեղ այս ապօրինությունների դեմը առնելու, պատշաճ հակազդեցություն ցույց տալու և ընտրությունների օրինական հսկողություն իրականացնելու հարցով հայտնում ենք մեր լիարժեք ու ամբողջական պատրաստակամությունը՝ համագործակցելու և իրական մեխանիզմներ ստեղծելու հարցում։ Այս խայտառակ, ռեպրեսիվ քայլերին հնարավոր է հակադարձել ընդդիմության միասնական ջանքերով։
ՀՀ քաղաքացիների ազատ կամ արտահայտության իրավունքի պաշտպանությունը նաև մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի տիրույթում է, որը մենք պետք է կարողանանք անել։
Այլևս ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները խրախուսելու են այս չարիքի ապօրինություններին։
Իսկ մեր քաղաքացիներին կոչ եմ անում չվախենալ այս չարիքից, սրանք այդքան վախենալու չեն, սրանք իրենց վերջին ստորություններն են փորձում անել, որին շատ քիչ ժամանակ է մնացել։ Այս ամեն ինչին պատասխան տալու լավագույն առիթը և հնարավորությունը, նախ հունիսի 7–ին մասնակցեք ընտրության և երկրորդ կարևոր քայլը մերժեք Ալիևի խամաճիկներին»։











