Երևանի Ավան վարչական շրջանի բնակչուհիներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ու հայտարարությունների վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնելիս է եղել, երևանցի կինը ինչ-որ բան է ասել նրա հետևից: NEWS.am-ի հետ զրույցում նա հաստատել է, որ այդ կերպ իր բողոքն է արտահայտել։

«Չեմ ուզում սենց անցնեն։ Որովհետև...։ Իմ հայրենիք քանդողն ինչ իրավունք ունի սենց անցնելու»,- նշել է քաղաքացին։

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները «Ադրբեջանում են գտել իրենց հայրենիքը»։

«Մեր հայրենիքում չկա տենց բան։

Մի հատ էլ գնում են, գալիս են։ Ադրբեջանցիները գալու են ստեղ, իսկ դուք գնաք Բաքու։

Մենք որտե՞ղ ենք լինելու

Որտե՞ղ։ Մենք որտե՞ղ ենք ընդհանրապես ապրելու։ Մարդ ուղեղով պիտի ապրի։

Հա, հասկանում եմ, որ առանց ուղեղ կարան ապրեն, առանց հայրենիք։ Բայց մարդը հայրենիքից շատ իր երեխային էլ չպիտի սիրի, հայրենիքից շատ ոչինչ չի կարելի սիրել այս կյանքում», - ընդգծել է մայրաքաղաքի բնակչուհին։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր պատրաստվում են իրենց ձայնը տալ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «պետք է նորից գետինը մտնի»։

«Ես ոչինչ չեմ կարող ասել։ Ես իմ երեխաներին չեմ սիրում այնքան, ինչքան իմ հայրենիքը։ Եվ ոչ մեկ իրավունք չունի ինձ ուրիշ բան ապացուցի։ Ես կարող եմ էս հողը պաչել, բայց հողս հանձնողին ես չեմ կարող թողնել սենց անցնի։

Մի հատ էլ նկարում են ու ասում՝ «դե հետո կտեսնես»։

Ի՞նչ պիտի տեսնեմ։

Ես ինչ տեսել եմ արդեն հերիք է ինձ համար, էս ցավը, որ մենք տեսել ենք։ Ես զարմանում եմ։ Մենք Արցախ ենք կորցրել, մենք հողեր ենք կորցնում։ Ես մի հարց եմ ուզում տամ՝ ես, որ գնամ հարևանի մոտ ու ասեմ էն դիմացի հողն իմն է ու ասեմ բեր ես ապրեմ, թույլ կտա՞ն։ Աչքերս կհանեն։ Էդ ո՞նց է լինում, որ մեր հողը ոչ մեկի համար ցավ չի։

Էդ ո՞նց է լինում։ Ուզում եմ հասկանամ», - նշել է նա։

Քաղաքացին նաև մեկնաբանել է «բեռի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները։

«Եթե բեռ է, թող ինքը ասեր՝ «Հայաստանը իմ համար բեռ է։ Ես գնում եմ, ում համար բեռ չի էս հողը, թող էդ մարդն էլ գա ու տիրություն անի»։

Հայրենիքը կարո՞ղ է փաթաթվել մարդու վզին...

Եթե Արցախը մերը չէր, իրա տղեն ի՞նչ էր անում այնտեղ։ Ինքն՝ իր կնոջ հետ ի՞նչ էր անում Ադրբեջանի հողի մեջ։ Ես հարց եմ ուզում տամ․ էս ժողովուրդը, որ իրա հետևից գնում է, Արցախը, որ մերը չէր, ինքն այնտեղ ի՞նչ էր անում։

Ուրեմն նշանակում է, որ ինքը ադրբեջանցիների հետ էնքան լավ էր, որ ինքն այնտեղ պարում էր ու իր տղեն էլ ադրբեջանական հողերում ծառայում էր», - հավելել է նա։