Երբ Հայաստանի իշխանությունները սադրում են և շանտաժի լեզվով են խոսում այնպիսի Ռուսաստանի նման պետության հետ, նրանք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ կմտցվեն։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա խոստացել է, որ հունիսի 7-ից հետո ծագած ցանկացած խնդիր կլուծվի մեկ օրվա ընթացքում։

«Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։

Սամվել Կարապետյանը նաև իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած վերջին խոսակցության թեմայի վերաբերյալ։

«Երբ Մակրոնը Հայաստանում էր, ինձ թվում է՝ Փաշինյանը խնդրել է Մակրոնին, որ նա խոսի իր շեֆի հետ։ Մակրոնը խնդրել է Ալիևին, որ 300 000 ադրբեջանցիների շարժը դեպի Հայաստան մինչև ընտրությունները կանգնեցնի։ Բայց ես չեմ կարող կոնկրետ տեղեկություններ ունենալ՝ հաջողվե՞լ է դա Մակրոնին, թե՞ մեզ սյուրպրիզներ են սպասվում»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի շրջանի իրադարձությունների հետաքննության և զոհված ու անհետ կորած հայ զինվորների հետ կապված անորոշության հարցին։

Նրա կարծիքով՝ իշխանությունները ճշմարտությունը չեն հրապարակի։

«Դրա համար մենք ասում ենք, որ փոփոխություններ են պետք։ Մենք պետք է փոխենք այս իշխանությանը, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչը ճիշտ ուսումնասիրել, ճիշտ ներկայացնել մեր ժողովրդին, և մեղավորները պատասխան տան իրենց արածի համար։

Ինչպե՞ս ստացվեց, որ հայաթափվեց Արցախը։ Ինչպե՞ս ստացվեց, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր։

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք ունեցանք հազարավոր հաշմանդամներ։

Մեր զոհված զինվորների ծնողներն ու անհետ կորած զինվորների ծնողները պետք է իմանան ճշմարտությունը։ Հունիսի յոթին շատ կարևոր ընտրություն է լինելու, մի գուցե՝ մեր երկրի և մեր ազգաի համար ամենակարևոր ընտրությունը։

Մարդիկ պետք է սթափվեն, գնան ընտրությունների և ճիշտ ընտրություն կատարեն»,- ասել է Սամվել Կարապետյանը։