Իշխանությունները փորձում են կաշառել քաղաքացիներին կետային ասֆալտապատմամբ, սակայն առաջիկա համապետական ընտրություններում մենք ընտրում ենք ոչ թե ասֆալտչիկ, այլ երկրի առաջնորդ, որն ընդունակ է լուծել անվտանգության և զարգացման գլոբալ հարցեր։ Այս մասին մայիսի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը պատմական զուգահեռ է անցկացրել Ապարանի հերոսամարտի հետ՝ նշելով, որ ինչպես 108 տարի առաջ տեղի բնակիչների նախնիները փակեցին թուրքական զորքերի ճանապարհը, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պետք է դրսևորի նույն վճռականությունը և թույլ չտա կործանել երկիրը։ Նա ընդգծել է, որ դեռ մեկ տարի առաջ իշխող թիմն իրեն լիովին անպատժելի էր զգում՝ այլ քաղաքական ուժերի պասիվության պատճառով իրեն թույլ տալով վիրավորանքներ հնչեցնել եկեղեցու և քաղաքացիների հասցեին։ Սակայն, նրա խոսքով, իրավիճակն արմատապես փոխվել է. այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ երկրում տեղաշարժվել առանց բազմաթիվ թիկնապահների, մինչդեռ ընդդիմությունն ազատորեն շփվում է ժողովրդի հետ և զգում նրա իրական աջակցությունը։

Նարեկ Կարապետյանն առանձնակի ուշադրություն է դարձրել Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ մատնանշելով պետական աջակցության կատարյալ բացակայությունը, ինչի պատճառով տեղի բնակչությունը ստիպված է մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Նա վրդովմունք է հայտնել, որ խիստ կլիմայական պայմաններ ունեցող այս տարածաշրջանում կաթի մթերման գինը տարիներ շարունակ մնում է անփոփոխ՝ վերամշակող գործարանների բացակայության պատճառով, մինչդեռ երկիրը տոննաներով չոր կաթ է ներկրում։ Կարապետյանն ընդգծել է, որ Փաշինյանի կառավարությունն 8 միլիարդ դոլարի վարկային միջոցներ է ծախսել, որոնք կարող էին ուղղվել ամբողջ Հայաստանում արտադրությունների հիմնմանը, որպեսզի քաղաքացիներն աշխատեն հայրենիքում, այլ ոչ թե իրենց թոռների հետ շփվեն բացառապես տեսակապով։

Քաղաքական գործիչը քննադատել է նաև գործող իշխանությունների ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որի պատճառով սահմաններին կանգնում ու փչանում են հայկական գյուղմթերքով բարձված մեքենաները։ Կարապետյանը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է լուրջ ղեկավար, որի այցերը կբերեն լուծումներ, այլ ոչ թե նոր խնդիրներ և հարաբերությունների խզում ռազմավարական գործընկերների, օրինակ՝ Ռուսաստանի հետ։ Կարապետյանը ներկայացրել է դաշինքի և բարերար Սամվել Կարապետյանի ծրագիրը, որն ուղղված է յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնող նոր ձեռնարկությունների բացմանը, և վստահեցրել, որ քաղաքացիներն իրենց կյանքում որակական փոփոխություններ կզգան արդեն նոր թիմի կառավարման երկրորդ տարվանից։ Նարեկ Կարապետյանը բոլոր ապարանցիներին կոչ է արել դրսևորել ազգային արժանապատվություն, հունիսի 7-ին գալ ընտրական տեղամասեր և քվեարկել 3-րդ համարի ներքո հանդես եկող Ուժեղ Հայաստանի օգտին։