Այն, ինչ երեկ զորահանդեսի ժամանակ ցույց ենք տվել, ամբողջը գործարանային արտադրության է, այնտեղ մի հատ զինատեսակ չկա, որ ուրիշի ձեռքով անցել է և նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության համար. առնվազն յոթ երկրի արտադրած զենք–զինամթերք ենք ցույց տվել. ես ձեզ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29–ին, Տավուշի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա հլը երևացող մասն է, մենք ամրացված շրջանները չենք կարողացել ցույց տալ, տասնյակ ամրացված շրջաններ ենք կառուցել և շարունակում ենք կառուցել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա պաշտպանունակության ամենաբարձր մակարդակը։
Մեզ ասում էին՝ մենք բանակը քանդել ենք կամ քանդում ենք, ասում էին, որովհետև իրենք գիտեին իրենց թողած բանակը, գիտեին, որ քանդված վիճակում է այդ բանակը և քանդելու պատասխանատվությունը ուզում էին դնեին մեզ վրա։ Մեզ ասում էին պատերազմ եք սադրել, իրենք գիտեին, որ պատերազմ են թողել։
2016 թվի չորսօրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել և 2020–ի պատերազմը ընդամենը 2016–ի պատերազմի շարունակությունն է եղել և սա է ճշմարտությունը։ Ես վարչապետ եմ դարձել 2018–ի մայիսի 8–ին, չեմ հասցրել թղթերը թերթեմ, արդեն ասում էին՝ հողերը տալիս է, հողերը տալու է, տվել է։ Ինչի՞ են ասում, որովհետև իրենք գիտեին, որ իրենք տվել, պրծել են, ու տվել են շատ շուտ, դեռ 1996 թվին, ուղղակի մեզ չեն ասել, որ իշխանությունը պահեն»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ իրենք Մեղրին փրկել են հանձնումից. «Ռոբերտ Քոչարյանը իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել այդ պրոցեսը, հոկտեմբերի 27-ը արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստում։ Մեկ էլ ասում էին՝ միջանցք է տալիս, ասում էին՝ տվեք, խոստացել եք՝ տվեք, որ պատերազմ չլինի։ Այդ պատմությունը ավարտվեց նրանով, որ մենք ստորագրեցինք TRIPP նախագծի համաձայնագիրը, որն իրականացվում է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում, և հետևաբար չկա միջանցքի թեմա ու չի եղել։
2020–ի նոյեմբերի 9–ի փաստաթղթի մեջ Մեղրիով միջանցքի թեմա կար, ես հրաժարվել եմ ստորագրել, ասել եմ՝ ինչ էլ լինի, դա բացառված է։ Դրանից հետո մեր ընդդիմությունը և ոչ միայն մեր ընդդիմությունը, այլ նաև արտաքին ուժեր ասել է որ միջանցք է խոստացել, միջանցք է տալու։ Արդյունքում մենք երկու օր առաջ ստորագրեցինք թուղթը, որը պայթեցրեց, հոդս ցնդեցրեց այդ բոլոր պնդումները։
Հիմա էլ ասում են՝ 300 հազար ադրբեջանցի է բերելու, միլիոններ են ծախսում ապացուցելու համար, որ մենք բանակ չենք կառուցում։ Մենք մանկապարտեզներ ենք կառուցում, մեր թոշակառուների համար առողջության ապահովագրություն ենք ներդնում, նրանք դա չեն տեսնում, տեսնում են ադրբեջանցիների, որովհետև նրանք ձեզ թշնամի են համարում։
Դուք իրենց համար թշնամի եք, որովհետեւ 2018–ին հեղափոխություն եք արել և իրենց լափամանները իրենց ձեռից առել եք, որովհետև էլ չեն կարում լափել։ Ես իրենց թալանչի թաթերը կոտրել եմ»։











