Գործող իշխանությունները Հայաստանի համար նախապատրաստել են Ուկրաինայի և Սահակաշվիլիի ժամանակվա Վրաստանի ճակատագիրը։ Սևան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչն արձանագրել է, որ այս իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի քարոզարշավը վերածվի թույնով լցված քաղաքական գործընթացի, այն համակեն կեղծիքով ու ատելությամբ, և կրկին փորձել են քաղաքացիներին տրամադրել միմյանց դեմ։ Թունավորելով երկիրը՝ նրանք ավելի վատ բան են արել. Հայաստանը դրել են Ռուսաստանի և ԵՄ-ի հակասությունների խաչմերուկում։
«Ես բազմիցս ասել եմ, որ դա շատ վատ է երկրի համար։ Նրանք Հայաստանի համար ընտրել են Ուկրաինայի կամ Սահակաշվիլիի ժամանակվա Վրաստանի ճակատագիր։ Մեզ դա պետք չէ, և մենք մերժում ենք դա։ Ոչ ոք չի կարողանում հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչու է դա անհրաժեշտ։ Արդյունքներն արդեն տեսանելի են»,- նշել է քաղաքական գործիչը։
Նա փաստել է, որ այս գործընթացի շարունակությունը տանում է գյուղատնտեսության կործանմանը. «Հարյուր հազարավոր մարդիկ կտուժեն։ Ինչի՞ համար։ Որպեսզի Նիկոլը պահի՞ իր աթոռը»,- նկատել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում արդեն հայտարարում են գազի գինը երեք անգամ բարձրացնելու հնարավորության մասին։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է իշխանություններին գրողի ծոցն ուղարկել։ Քոչարյանն առաջարկել է սովորել Վրաստանից։ Հարևանները, Սահակաշվիլուց կշտացած՝ մերժեցին Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձերը, ընտրեցին հավասարակշռված քաղաքականություն և խուսափեցին բազմաթիվ խնդիրներից։
«Նույնիսկ սեփական փորձից չեն սովորում։ Ավանտյուրիստը հանձնեց Արցախը, հետո ասաց, թե սխալվել է։ Եվ դա նրա վրա որևէ ձևով չանդրադարձավ»,- նշել է Քոչարյանը։ Նա հավելել է նաև, որ անհասկանալի «վաստակի» համար Փաշինյանի սպասարկումը հինգ անգամ գերազանցում է նրա նախորդների համար կատարված պետական ծախսերը։
«Բայց մի բան նա հիանալի է անում։ Իմ ժամանակ տուգանքները կազմում էին 3,5 միլիարդ դրամ։ Հիմա՝ 28 միլիարդ։ Փաշինյանը քաղաքացիներին դարձրել է տուգանքի մատերիալ։ Նայում է, թե էլ որտեղից կարող է քերթել, որպեսզի էլ ավելի մեծ վնաս հասցնի»,- նշել է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ունի մեկ խնդիր, և այն ունի անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան։











