Հայաստանում ընտրությունների ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին անցած ընտրությունները համարում է ազատ, սակայն նշել է, որ խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումները մտահոգություն են առաջացնում։

Եվրոպական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ Քարիմին նշել է, որ ընտրությունները ընտրողներին հնարավորություն են տվել ազատ ընտրություն կատարել քաղաքական այլընտրանքների միջև։ Նա հայտարարել է արտաքին ճնշումների և ընտրողների վրա մեծ ազդեցության մասին՝ հավելելով, որ քարոզարշավն աչքի է ընկել կոշտ հռետորաբանությամբ։ Եղել են նաև ընտրակաշառքների և ընտրական այլ խախտումների վերաբերյալ հաղորդումներ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվել են մասնակցել ընդդիմության միջոցառումներին։ Միևնույն ժամանակ, մեծ մտահոգություն են առաջացնում իշխող կուսակցության հանրահավաքներին մասնակցելու նպատակով պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ ճնշումների, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի միջոցառումների վերաբերյալ լուրերը։ Բացի այդ, նշվել է ֆինանսների նկատմամբ ոչ բավարար վերահսկողության, ԶԼՄ-ների բևեռացվածության պատճառով անկախ տեղեկատվությանը ընտրողների սահմանափակ հասանելիության, մանիպուլյատիվ տեղեկությունների տարածման, ինչպես նաև ձերբակալությունների ու կալանավորումների մասին, որոնք մասնավորապես կիրառվել են ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։

Քարիմին ընտրական գործընթացը որակել է որպես պետության զարգացման առանցքային փուլ, որն ընթացել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում ճկունություն ցուցաբերելու ֆոնին։ «Վստահորեն կարող եմ ասել, որ 1403 ընտրատեղամասեր այցելության արդյունքներով ստացված գնահատականները բավականին դրական են»,- հայտնել է Քարիմին՝ հավելելով, որ դիտորդների նպատակը ոչ թե քաղաքացիների փոխարեն ապագան որոշելն է, այլ օբյեկտիվ գնահատական տալը։

Եվրոպացի դիտորդների համատեղ մոնիթորինգային առաքելության ամբողջական զեկույցը հասանելի կլինի ավելի ուշ։