Հայաստանի կառավարությունը քննարկում է ընտրություններին մասնակցելու կանոնները խստացնելու հարցը։ Խոսքը այն քաղաքական ուժերին ընտրություններից զրկելու մասին է, որոնք խախտումներ կանեն նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այս մասին հունիսի 10-ին, Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նախարարից հետաքրքրվել է՝ արդյո՞ք ժամանակը չէ օրենսդրական քայլեր ձեռնարկել այն քաղաքական ուժերի դեմ, որոնք, ըստ իրավապահների տվյալների, առնչություն ունեն հնարավոր հանցավոր արարքների հետ։

Ի պատասխան՝ Գալյանը նշեց, որ քաղաքական ուժերի կողմից հնարավոր հանցավոր արարքների դեպքեր իսկապես արձանագրվել են։ «Այն, որ այսօր մեր իրականությունում լինում են իրավիճակներ, երբ քաղաքական ուժերը դիմում են հնարավոր հանցավոր քայլերի, փաստ է։ Վերջին շրջանում մենք գրեթե ամեն օր լսում ենք դրա մասին, հատկապես՝ հաշվի առնելով վերջին ընտրական գործընթացները»,- ասել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ գործող օրենսդրությունն ու իրավապահ համակարգն արդեն իսկ թույլ են տալիս արձագանքել նման դեպքերին։ «Ես կարծում եմ, որ դրա համար օրենսդրական բավարար բազա կա, և իրավապահ մարմիններն այդ առումով բավականին մեծ աշխատանք են տանում և տարել։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ աշխատանքները պետք է շատ ինտենսիվ  շարունակվեն։ Ինչ վերաբերում է մեր մանդատին և լիազորություններին՝ որպես արդարադատության նախարարություն, մենք մտածում ենք ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի ապագայում կուսակցությանը զրկել, օրինակ, ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եվ, եթե լինի կոնսենսուս, մենք հենց Սահմանադրության նախագծով դա կսահմանենք։ Այսինքն, եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ, նաև խախտումներ, որոնք կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, մենք պետք է ունենանք սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցությունները ուղղակի հնարավորություններ չունենան մասնակցել  ընտրական պրոցեսներին՝ այդպիսով չխաթարելով ընտրության արդյունքը։ Ես սա քայլ է, որը մենք պետք է կատարենք՝ նաև հաշվի առնելով այն փորձը, որին բոլորս ականատես եղանք։ Եվ, կարծում եմ, որ այս մասով ունենք նաև քաղաքացիների կողմից մեզ ուղղված հանրային պահանջ»,- նշել է Սրբուհի Գալյանը։