Եվրասիական տնտեսական միության շուկայից հրաժարվելու հարց չի քննարկվում, իսկ խոսակցությունները վերաբերում են բացառապես արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը երբեք հանդես չի եկել ԵԱՏՄ-ի հետ գործող առևտրային ռեժիմից դուրս գալու մասին հայտարարություններով։ «Նման քննարկում չկա։ Կարծում եմ՝ ԵԱՏՄ շուկայից հրաժարվելու հարց չկա, և կառավարությունում որևէ մեկը երբեք նման հայտարարություններ չի արել։ Խոսքը դիվերսիֆիկացման մասին է»,- նշել է Հակոբյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, որի շրջանակում գործում են միասնական մաքսային կանոններ, մաքսատուրքերի դրույքաչափեր, վճարներ և վարչարարության ընդհանուր սկզբունքներ։

Խոսելով Եվրոպական միության հետ առևտրի մասին՝ ՊԵԿ ղեկավարը նշել է, որ ներկայում հայկական ապրանքները եվրոպական շուկա են մուտք գործում գործող մաքսային ռեժիմով։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, դիվերսիֆիկացման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, իսկ արտադրանքի մի մասը, որը վերջին շրջանում որոշակի դժվարությունների է հանդիպել ԵԱՏՄ շուկայում, արդեն նոր իրացման ուղիներ է գտնում Եվրամիության երկրներում։

«Ակնհայտ էր, որ նույն այն ապրանքների մի մասը, որոնք վերջերս ԵԱՏՄ արտահանվելիս բախվել էին որոշակի խնդիրների, արդեն իսկ ունեն Եվրոպական միության շուկա դուրս գալու ուղիներ։ Ընդ որում, արտահանվում են նույն խմբաքանակները և նույն ծավալներով»,- ասել է Հակոբյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է առևտուրը ԵԱՏՄ-ի հետ նախկին ռեժիմով, բացառությամբ առանձին դեպքերի, որոնք ռուսական կողմը կապում է արտադրանքի որակի հետ։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ միաժամանակ ընդլայնվում է հայկական արտահանման աշխարհագրությունը։ Մասնավորապես, նա որպես այժմ քննարկվող ուղղություններ նշել է Հունաստանը, Լատվիան և Նիդերլանդները, ինչպես նաև Գերմանիան ու Ֆրանսիան, որոնք ավանդաբար մնում են հայկական արտադրանքի սպառման շուկաներ։ Հակոբյանը հիշեցրել է նաև կառավարության մեկնարկած արտահանման աջակցության ծրագրի և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք մի շարք ապրանքների համար նախատեսում են անմաքս մուտք դեպի Եվրամիության շուկա։

«Այս բոլոր փոփոխություններն ավելի շատ վերաբերում են մեր տնտեսության և արտահանման դիվերսիֆիկացմանը, ինչը տնտեսությունն ավելի դիմակայուն կդարձնի հնարավոր փոփոխությունների նկատմամբ»,- նշել է նա։

Հակոբյանը հայտնել է նաև, որ Հայաստանը մաքսային կցորդ է նշանակել Եվրոպական միությունում։ «Նա մոտ ժամանակներս կանցնի աշխատանքի և կզբաղվի Եվրոպական միության հետ մաքսային գործընթացների հարցերով, որպեսզի բոլոր առկա խոչընդոտներն աստիճանաբար վերացվեն»,- հայտարարել է Հակոբյանը։