Ավիացիայի ոլորտում մենք բարդույթումների և խնդիրների ճանապարհով ի վերջո հասել ենք մի կետի, որտեղ լավատեսությունը գերակշռում է, և Հայաստանում զբոսաշրջության թվերի էական աճը, իհարկե, կապված է նաև այդ որոշումների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ առջևում մենք ավիացիայի ոլորտում երկու հիմնական առանցքային խնդիր կա, որը պետք է լուծենք։ Առաջինը «Զվարթնոց» օդանավակայանի հետագա զարգացման արդեն իսկ համաձայնեցված ծրագիրը, այսինքն Զվարթնոց օդանավակայանը, կարճ ասած, չի հերիքում, այն պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով։

Երկրորդը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումն է, որտեղ մենք կարողանանք լիարժեք այն ներուժը, որ մեզ հնարավորություն կտա ունենալ միջազգային մակարդակի ավիացիոն անվտանգության ստանդարտներ և ոչ միայն ունենալ, այլև դրանք անընդհատ թարմացնել և դրանց կիրառման պատշաճ որակը ապահովել։ Դա նույնպես անհետաձգելի հարց է։

Նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք օրակարգում ունենք Սյունիք օդանավակայանի միջազգայինի կարգավիճակ տալու հարցը, ինչը շատ մեծ տնային աշխատանք է պահանջելու մեզնից, և իհարկե Շիրակ օդանավակայանի հետագա զարգացման հետ կապված աշխատանքները, որը այս համատեքստում իհարկե կրկին դիտարկելի է»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11–ի նիստում փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի առաջին պարբերության «զ» կետով նախատեսված արտոնությունների կիրառման ժամկետների, ավիափոխադրողի, չվերթների հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման կարգում։

Գործող կարգավորման համաձայն՝ սահմանված է չվերթերի հաճախականության նվազագույն պահանջ, ըստ որի՝ ավիափոխադրողները պարտավոր են IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում իրականացնել համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ։

Սակայն, ըստ հիմնավորման, գործնականում որոշ ավիափոխադրողներ կարող են տվյալ ուղղությամբ առավել մեծ թվով չվերթեր իրականացնել միայն տարվա մեկ սեզոնի ընթացքում (օրինակ՝ ամառային կամ ձմեռային ժամանակահատվածում), իսկ մյուս սեզոնի ընթացքում՝ չիրականացնել կամ իրականացնել սահմանվածից պակաս չվերթեր։

Բացի այդ, «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված և 2026 թ. մայիսի 6-ին ուժի մեջ մտած փոփոխություններով վերանայվել է արտոնության ժամկետի երկարաձգման կարգավորումը՝ նախկինում նախատեսված 24 ամսով մեկանգամյա երկարաձգման փոխարեն սահմանելով արտոնության ժամկետը մինչև երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ 24 ամսով երկարաձգելու հնարավորություն։

Ըստ այդմ, առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ՝ չվերթերի նվազագույն քանակի պահանջը սահմանելով IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածների համար առնվազն 40 չվերթ, վերանայել արտոնության ժամկետի երկարաձգման կարգավորումը, ինչպես նաև խմբագրել տեղեկատվության հրապարակման վերաբերյալ դրույթը՝ այն համապատասխանեցնելով ներկայում կիրառվող էլեկտրոնային ընթացակարգերին։