Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Այս մասին հունիսի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ քարոզարշավի ընթացքում ինքն անձամբ վստահեցնում էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրողների ձայների սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում սեպտեմբերին պատերազմ կլինի։
Վարչապետը վստահեցրել է, որ պատերազմ չի լինելու, և Հայաստանի իշխանություններն ամեն գնով պաշտպանելու են խաղաղությունը։
Նրա խոսքով՝ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղիներից մեկը «Թրամփի ուղի» նախագծի իրականացումն է։ Այս նախագծի շրջանակում հստակորեն լինելու է երկաթուղի, ավտոճանապարհ և էլեկտրահաղորդման գիծ։ Ինչ վերաբերում է նավթամուղին ու գազամուղին, ապա դրանք դեռ հարցականի տակ են, քանի որ ավելի շատ առնչվում են գործընկերներին, հայտնել է Փաշինյանը։
«Այս երեք բաղադրիչներն արդեն իսկ խաղաղություն են։ Պատկերացրեք՝ մենք երթևեկում ենք Ադրբեջանի տարածքով, նրանք՝ Հայաստանի։ Գնացքներ են շարժվում։ Սա՛ է խաղաղությունը», — հայտարարել է Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, ինչպես և գերիների ազատ արձակման ու անհայտ կորածների ճակատագրերի պարզմանն ուղղված քայլերը։ Ընդհանուր առմամբ, բոլոր ջանքերը նպատակաուղղվելու են այս ծանր էջը փակելուն։ Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա այդ գործընթացը նույնպես կշարունակվի։ «Զարգանում է երկկողմ առևտուրը։ Վստահ եմ, որ այս ուղղությունը դեռ կզարգանա», — նշել է Փաշինյանը։











