Անգամ ռեպրեսիվ մեթոդներով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ Փաշինյանը չկարողացավ ստանալ հասարակության կեսի աջակցությունը։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղարհամանյանը։
«Սա խոսում է այն մասին, որ անգամ այս ռեպրեսիվ մթնոլորտում անցկացված ընտրությունների արդյունքներով այս իշխանոսւթյանը չի հաջողվել ստանալ հասարակության կեսի աջակցությունը։ Հասարակությունն իր խոսքն ասել է այն տոտալ վախի մթնոլորտին, որը կար։
Ընտրություններն անցել են լայնամասշտաբ խախտումներով ողջ Հանրապետության տարածքով։ Այդ օրը ստացվել են բազմաթիվ ահազանգեր, տեսանյութերով ողողված են համացանցը, այժմ ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկ, ինչը հօգուտ իշխանության չէ»,- նշել է Ղահրամանյանը։
Նրա դիտարկմամբ՝դա նշանակում է, որ հրապարակված տվյալները չեն արտացոլում իրականությունը. «Հայ հասարակությունը շարունակում է գտնվել բեևեռացման մեջ, մի զգալի մասը՝ կեսից ավելին չի աջակցում այս իշխանությանը։ Սա խոսում է այն մասին, որ պայքարը պետք է շարունակել, ու մենք տեր ենք կանգնելու մեզ վստահություն հայտնած քաղաքացիների քվեին, շարունակելու ենք պայքարել»։











