Մենք ԿԸՀ–ից ունենք միայն մի սպասելիք, որ ԿԸՀ–ն իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե լինի այս կամ այն քաղաքական ուժի, տվյալ դեպքում ՔՊ–ի և Նիկոլ Փաշինյանի ցանկությունների, երազանքների և այլնի կամակատարը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, ԿԸՀ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը։
«Պետք է շատ հստակ և պարզ ֆիքսել, որ այն իրավիճակը, որը մենք ունենք այսօր, շատ հստակ և ուղիղ ցույց է տալիս, որ իշխանությունը, որքան էլ իրենք լուրջ դեմքով իրենց ուժեղ տղերքի տեղ դնելով պնդեն, որ ի վերջո անվերապահորեն քվե են ստացել ժողովրդից, ստացողը ժողովրդի քվեն չի գողանում։ Այսօր ունենք իրավիճակ, երբ որ փորձ է արվում բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքին և Փաշինյանի բոլոր խոստումները՝ ծնկի բերել, կզցնել, կյանքի կոչել։
Կես միլիոնից ավելի մարդու վիրավորելը, ուղիղ եթերում, հեգնելը ակնհայտ ցույց է տալիս, որ այո, հոգևարքի մեջ են։ ՀՀ քաղաքացու յուրաքանչյուր քվեն անսասան և անհերքելի իրավունք է, որից այսօր մեզ փորձում են զրկել»,–ասաց նա՝ հավելելով, որ տեղի է ունենում իրավական բեսպրեդել։
Արման Աբովյանը հայտարարեց, որ եթե Հայաստանում ինչ–որ մեկը հիբրիդային պատերազմ վարել է, ապա դա արել իշխանությունը ՀՀ քաղաքացիների դեմ։
Ինչ վերաբերում է ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին, որ ընտակաշառքներ են բաժանել, նա ասաց. «Գլուխները պատով են տալիս այն մարդիկ, որոնք համարում են, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդին կարելի է առնել կամ փողով քվեարկության բերել։ Այս իշխանությունը 180 աստիճան հակառակ իշխանություն է, ինքը ինչ ասում է պետք է հասկանաս հակառակ 180 աստիճանով։ Բա դուք գետինը չեք մտնո՞ւմ, բա դուք երդում էիք ուտում քաղաքացու անունով, որ ինչ ուզում է լինի, քաղաքացու քվեն սրբություն է, բա ու՞ր է, վերցրեցիք քաղաքացու քվեն ու տվեցիք գետնով»։











