Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 7/07 եւ 7/35 ընտրատեղամասերում ընտրություններն ընդհանուր առմամբ ընթանում են նորմալ, խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին այդ ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների նախագահները:
Այսպես, 7/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Երեմը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ կա 2000 ընտրող, որոնցից 600-ը ժամը 13:00-ի դրությամբ արդեն քվեարկել էր, հերթեր ժամանակ առ ժամանակ գոյացել են, բայց միջադեպեր չեն գրանցվել:
Թիվ 7/35 ընտրատեղամասի նախագահ, ՀՀԿ-ական Հովիկը նշեց, որ իրենց մոտ 1654 ընտրող կա, որոնցից 400-ը մինչեւ կեսօր մասնակցել էին ընտրություններին, միջադեպեր չեն գրանցվել, առավոտյան մի փոքր հերթեր էին գոյացել:
Հարցին, թե ընտրատեղամասի դռների մոտ ինչո՞ւ է մարդկանցից հետարքրքվում, թե ում եք ընտրել, նա հերքեց այդ ամենը. «Չէ, սխալ եք հասկացել, ասել եմ` ում հետ եք եկել, տենց բան ի՞նչ իրավունք ունեմ` հարցնեմ»,- նշեց նա:
Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի (ՀԱԿ) 7/35 ընտրատեղամասում գտնվող վստահված անձ Հակոբ Արշակյանը նշեց, որ ընտրողները բավականին ակտիվ են, առավոտյան ինչ-որ թերացումներ կային, որոնք շտկվեցին հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: «Լինում են մարդիկ, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ չեն ունենում, նրանց դուրս ենք հրավիրում, այդպես մեկին դուրս հրավիրեցինք, սկսեց անձնական բնույթի հայհոյանքներ տալ, ինչին ոստիկաններն, ըստ էության, չարձագանքեցին, մեծ միջադեպ չէր, որ ընթացք տայինք»,- նշեց նա:
Նշենք, որ թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը, ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը:











