Թիվ 24/26 ընտրատեղամասում ՀԱԿ ներկայացուցիչ, վստահված անձ Ալավերդի Նամալյանը հերքել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից: Նրանց փոխանցմամբ` մայիսի 6-ին համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՀԱԿ վստահված անձը ծեծի է ենթարկվել: Հրապարակումների կապակցությամբ ոստիկանության Մարտունիի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում բացատրություն է տվել:
«...Այսօր որեւէ մեկը ինձ չի ծեծել, չի հարվածել, ես որեւէ մեկի կողմից մարմնական վնասվածք չեմ ստացել»,- ասել է Ա. Նամալյանը` նշելով, որ հիշյալ ընտրատեղամասում ընտրություններն ընթանում են բնականոն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի 24/26 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀԱԿ-ի վստահված անձանց, կոտրել են ՀԱԿ-ի վստահված անձի ատամները, նաեւ տեսախցիկները, որոնք արձանագրել են խախտումները: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին փոխանցել են, որ այդ ահազանգը ներկայումս ուսումնասիրվում է:
Նշենք, որ տվյալ ընտրատեղամասում առաջադրվել են ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, ՀԱԿ անդամ Սպարտակ Ջիվանյանը եւ անկուսակցական Խորեն Սարգսյանը:
Ի դեպ, թիվ 24 ընտրատարածքում թեկնածու առաջադրված Սպարտակ Ջիվանյանը NEWS.am-ին հայտնել է, որ իր վստահված անձ Ալավերդի Նամալյանին իսկապես ծեծի են ենթարկել եւ այնպես են վախեցրել, որ նա հրաժարվում է խոստովանել ծեծի փաստը:
Տեսանյութը` Հայաստանի ոստիկանության











