Հայաստանում երրորդ անգամ անցկացվեցին թափանցիկ ու ազատ ընտրություններ։ Հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Այնուհետև Ռուբինյանը հայտարարել է, որ «բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառք են բաժանել, պետք է ձերբակալվեն» և իրավապահ մարմիններին կոչ է արել «հասնել մինչև վերևներ և չսահմանափակվել միայն ստորին օղակներով»։ Ռուբինյանի խոսքով՝ բոլորի համար էլ պարզ է, որ «կաշառք բաժանողները առավոտյան հենց այնպես չեն արթնացել ու գնացել ընտրակաշառք տվել». նրանց փող են տվել ու հրահանգել։ «Ակնհայտ է, որ պատասխանատվությունը կրում են երեք կուսակցությունների առաջնորդները։ Նրանք են կազմակերպել և ուղղորդել։ Կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեմաները»,- հայտարարել է Ռուբինյանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» վստահ է իր լեգիտիմության հարցում և մտադիր չէ դիմել Սահմանադրական դատարան։ «Իշխանությունը լեգիտիմ է, իսկ ընդդիմության հարցը, ավելի ճիշտ՝ հանցագործների հարցը, պետք է լուծեն իրավապահները, և բոլոր ընտրակաշառք բաժանողները և ընտրակաշառքի սխեմայի բուրգի գլուխները պետք է պատասխանատվություն կրեն»,- կրկնել է Ռուբինյանը։

Ընդդիմությանը նա խորհուրդ է տալիս լուծարել կուսակցությունները, վերցնել մանդատները, կամավոր ներկայանալ իրավապահ մարմիններին և խոստովանել ընտրակաշառք բաժանելու փաստը։ «Վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ զուտ իրենց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար կամ, հուսով եմ, դատվելիք ղեկավարությանը պաշտպանելու համար»,- հայտարարել է Ռուբինյանը՝ հավելելով, որ եթե ընդդիմադիրները վերցնեն մանդատները, «ուրախ օրեր են սպասվում. ոմանց անհամբերությամբ ենք սպասում։ Իսկ եթե չգան, վերջապես քաղաքակիրթ բանավեճեր կունենանք»։

Ռուբինյանը կտրականապես համաձայն չէ այն մեղադրանքներին, թե իշխանությունները գողացել են ընդդիմության ձայները։ «Խորհրդարանական մեծամասնությունը լիովին լեգիտիմ է։ Մենք և մեզ ընտրած քաղաքացինե՞րն ենք մեղավոր, որ ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանել»,- հայտարարել է Ռուբինյանը՝ ԶԼՄ-ներին խորհուրդ տալով հարց ուղղել Սամվել Կարապետյանին (ում նա անվանել է «կալուգացի օլիգարխ»), թե արդյոք նա կհրաժարվի Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից։