Մարտահրավերները շարունակում են արդիական մնալ՝ ստանալով լիովին որոշակի ուրվագծեր։ Այս մասին հունիսի 16-ին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող ուժերը չունենան որևէ շանս՝ Հայաստանում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ խորհրդարանական ներկայիս ընդդիմությունը ձևավորվել է լիովին ապօրինի գործունեության արդյունքում, և Հայաստանն օրինական իրավունք ունի համապատասխան շրջանակներին հետագայում զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։ «Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգն արմատախիլ անելու պրոցեսները ակնհայտորեն ուղեկցվել են ու պետք է ուղեկցվեին այդ թվում՝ արտաքին ազդեցություններով, դրանք նաև Հայաստանի անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ, եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, որ հասկացել ենք՝ ազդեցության հետագա շարունակությունը կարող  է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով»,- նշել է կառավարության ղեկավարը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ այսօրվա դրությամբ այդ ռիսկերը հաղթահարված են և այլևս գոյություն չունեն։