Ընտրությունների օրը մենք ստանում էինք տվյալները մեր վստահված անձանցից, և երբ իրենք կանգնեցրին ընտրական պրոցեսը և Փաշինյանը գիշերով հայտարարություն արեց, մեզ մոտ հաշվարկված էր մոտ 10%-ը, 200 000 ձայն ստուգելուց հետո ինքը ուներ 58%, երբ հասավ 700 հազարի, իր տոկոսը իջել էր 50 տոկոսի։ Այս մասին մի քանի խմբագիրների տված հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այնպիսի տեմպերով էին իրենք փլվում, որ մենք իրոք վստահություն ունեինք, որ մինչև վերջ հաշվարկի դեպքում, մեր բոլոր մաթեմատիկական հաշվարկներով, քանի որ այդ ժամանակ մնացել էր Երևանից չհաշվարկված մոտ 350 000 ձայն, Վանաձորի 50%-ը, Աբովյանի 50%–ը, Գյումրիի 37%–ը, այսինքն մնացել էին մեծ քաղաքները, մենք շատ վստահ ենք, որ իրենք փլվելու են մինչև 40%։
Հինգ ամիս մենք արել ենք հարցումներ, իր առավելագույն թիվը եղել է 40%։ Վերջին հարցումներով մենք տեսանք, որ ինքը կարող է ամենաշատը հավաքել 40%։ Ընտրության ընթացքը հենց այդպես էլ գնում էր, նույնիսկ գյուղերում իրենք փլվեցին մինչև 50%։
Բայց դրանից հետո մոտ 800 հազար ձայն հաշվեցին, իրենք ընդամենը 0.5% իջան ներքև։ Սա նոնսենս է, այն էլ Երևանում հավաքած ձայներով, մեր հաշվարկով իրենք չպետք է գերազանցեին 42%-ը։
Անհասկանալի երևույթ էր, որ 10% հաշվելուց հետո մարդը սառած դեմքով հայտարարում է, որ իրենք հաղթել են։ Մնք փորձեցինք սկզբից կողմնորոշվել որ սխալ քայլեր չանենք։ Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը տանել ցնցումների, բայց դրանից հետո բոլորը մեզ կմեղադրեին, որ մենք տարանք երկիրը նոր ցնցումների և նորից չհասանք արդյունքի։ Ոչ մի բան չի վերջացել, համառ պայքարը շարունակվելու է, գրագետ պայքարը շարունակվելու է, և ես վստահ եմ, ինչ մենք ասել ենք նախընտրական պրոցեսների ժամանակ, դա լինելու է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ դատարանի դիմաց ինքը հայտարարել էր, որ իրենց խաբել են, թե 1.5 մլն ընտրողի դեպքում իրենք հաղթելու են, Սամվել Կարապետյանն ասաց. «Դա ընդամենը մի էպիզոդ էր, որ մենք հավատացինք, որ 1.5 միլիոն ձայնը մեզ տալիս է բացարձակ առավելություն, բայց երբ մեր թիմակիցները սկսեցին հնչեցնել 1.5 միլիոնի մասին, ինչը հնարավորություն տվեց Փաշինյանին անել իր սև գործը։ Որովհետև եթե մասնակցությունը ցածր լիներ, իր հնարավորությունները մի քիչ ավելի սահմանափակ կլինեին այդ սև գործը անելու համար»։











