Հունիսի 8-ի գիշերվա մասին դեռ շատ հարցեր կան։ Այս մասին Facebook—ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Միքայելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ժողովուրդ ջան, տեսաք, թե ինչ տեղի ունեցավ հունիսի 8-ի գիշերը։ Գիշերվա ժամը 2–ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրեց ձայների հաշվարկների հրապարակումը։ Իսկ դրանից առաջ, երբ հաշվարկված էր ընդամենը տեղամասերի 10% -ը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին, ինքնահռչակվեց։

Բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նա այդքան վստահ լինել արդյունքների վրա, երբ ձայների մեծ մասը՝ 90%-ը դեռ հաշվարկված չէր։ Կասկածելի է, չէ՞։ Ու հիմա եկեք ինքներս մեզ մի անկեղծ հարց տանք. եթե չլինեին վարչական ճնշումներ, պետական ռեսուրսի չարաշահումը, բռնաճնշումները և նախընտրական շրջանում պետական բյուջեի հաշվին բաժանվող նվերները, որոնք շատերի կողմից ընկալվեցին որպես ընտրակաշառք, արդյո՞ք այս իշխանությունը կստանար նույն արդյունքը։ Ես վստահ եմ ու համոզված եմ, որ ոչ։

Բայց մեր առաջ կանգնած խնդիրը շատ ավելի մեծ է, քան ընտրությունների արդյունքները։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ապագայի մասին է։ Այն ապագայի մասին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է շարժվել իր ազգային շահերով, թե այն ուղղվածությամբ, որը մեզ թելադրվում է Բաքվից։ Մեր պայքարը այն կործանարար մեխանիզմի դեմ է, որը աշխատեցնում է այս իշխանությանը, որի նպատակն է ծնկի բերել հայ մարդուն ու ոչնչացնել աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը։

Այո, փոփոխություններ անպայման լինելու են, և այդ փոփոխությունները ինքն իրեն չեն գալու, այն սկսվելու է յուրաքանչյուրիս մասնակցությունից, հավատից, վճռականությունից ու պատասխանատվությունից»։