Այստեղ կանգնած եմ եղել, գնացքը գալիս էր, բեռնատարը եկավ մի պահ կանգնեց, ուզում էր անցնել, չհասցրեց, գնացքը խփեց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց բեռնատարի վարորդ Գևորգ Պողոսյանը, ով ականատես է եղել Դարալիկում գնացքի ու բեռնատարի վթարին։

«Գնացքը մոտ 50-60 մետր հետը տարավ բեռնատարին։ Ես հարվածի ուժեղ ձայնը լսեցի։ Ես բեռնատարի վարորդին չեմ ճանաչում։

Այստեղ և լուսացույց կա, և զանգ կա, միայն արգելափակոց չկա, բայց որ գնացքը մոտենում է, զանգերը տալիս է, լուսացույցը վառվում է։ Այսպիսի դեպք մի քանի տարի առաջ էլ է եղել»,–ասաց նա։

Գևորգ Պողոսյանը հավելեց, որ բեռնատարի վարորդը երիտասարդ էր. «Շտապօգնությունն արագ եկավ, դրեցին պատգարակի վրա, տարան։ Արյունոտ էր»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են  դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք։ Կա մեկ վիրավոր, որը հոսպիտալացվել է։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նա գլխի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոններից մեկը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության. նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի պատճառով չեղարկվել է Երևան-Գյումրի ժամը 14:25-ի ուղևորատար էլեկտրագնացքը երթը։ Վթարի հետևանքով զգալի վնասներ են հասցվել երկաթուղային ենթակառուցվածքներին, մասնավորապես, վնասվել են լոկոմոտիվը և կոնտակտային ցանցը, իսկ հենասյուներից մեկը կոտրվել է ամբողջությամբ:  

Ներկայումս իրականացվում է գծերի վիճակի գնահատում և գնացքի տեղահանման գործընթաց՝ երթևեկությունը հնարավորինս արագ վերականգնելու համար: 

Նշենք, որ բախման հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, սակայն, բարեբախտաբար, հրդեհի բռնկումից հաջողվել է խուսափել:

Վթարի հետևանքով փակվել է Լեռնագոգից Դալարիկ գնացող միակ ճանապարհը։  Ճանապարհի այդ հատվածում մեծ թվով մեքենաներ են կուտակվել։