Հայաստանում մեկ տարով երկարաձգվել են շահառուների որոշակի խմբի համար վարկերի մարման վերջնաժամկետները, ինչպես նաև լրացուցիչ արտոնյալ ժամանակահատված է տրամադրվել՝ վարկի մայր գումարի վճարման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում։

Մասնավորապես, ներկայացվել է ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են այն սահմանափակումներով, որոնց բախվել են մրգի և բանջարեղենի հայ արտադրողներն ու արտահանողները (մասնավորապես՝ ռուսական շուկայում)։

Նախագծով առաջարկվում է մեկ տարով երկարաձգել վարկերի մարման ժամկետը ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի այն մասնակիցների համար, ովքեր հիմնել են այգիներ և համապատասխան մշտադիտարկում են անցել ծրագրի շրջանակներում։

Խոսքը վերաբերում է այն շահառուներին, որոնց վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը կա՛մ արդեն ավարտվել է, կա՛մ կավարտվի մինչև 2027 թվականի հունիսի 31-ը։ «Եթե այգին արդեն բերք է տվել, այդ բերքն իրացվել է, իսկ արտոնյալ ժամանակահատվածն ավարտվել է, ապա սեփականատիրոջ համար վարկի ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Բացի այդ, լրացուցիչ ևս մեկ տարի արտոնյալ շրջան կտրամադրվի՝ վարկի մայր գումարի մարման համար»,- փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ասել է Պապոյանը։

Նախարարը պարզաբանել է, որ ջերմոցային տնտեսությունների համար աջակցության նմանատիպ միջոցառումն ավելի վաղ տրամադրվել էր վեց ամիս ժամկետով, մինչդեռ ինտենսիվ այգիների համար այն սահմանվում է մեկ տարի, քանի որ այգիներից բերքը, որպես կանոն, ստանում են տարին մեկ անգամ։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այս մոտեցումը թույլ կտա վարկային պարտավորությունները բաշխել հաջորդ տարիների վրա և խուսափել կարճ ժամանակահատվածում մեծ ֆինանսական բեռի տակ ընկնելուց։

Այս արտոնությունից օգտվելու համար շահառուն պետք է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը կդիմի ֆինանսական կազմակերպություն։ Դիմումին անհրաժեշտ է կցել նախարարության տրամադրած՝ մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկանքը, որը հաստատում է այգու հիմնումը, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի տեղեկանքը (2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ)։

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև խոշոր տարածքներում ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար։ Իրավաբանական և ֆիզիկական անձինք կկարողանան հիմնել 10 հեկտար և ավելի տարածքով ինտենսիվ այգիներ կամ կառուցել 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրամբարներ՝ առանց կապալառու կազմակերպություն ներգրավելու։ Այս դեպքում շահառուն պետք է ներկայացնի իր ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունը, որը պատրաստվել է աուդիտորական ընկերությունների ռեեստրում գրանցված և միջազգային աուդիտորական ցանցի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպության կողմից։

«Նախկինում այս գործառույթն իրականացնում էր կապալառուն։ Հիմա մենք ասում ենք, որ դա կարող է անել նաև հենց ինքը՝ շահառուն, սակայն այն պայմանով, որ ստուգումն իրականացնի պրոֆեսիոնալ աուդիտորական կազմակերպություն։ Այս տարբերակը մենք նույնպես կընդունենք»,- եզրափակել է Գևորգ Պապոյանը։