Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր՝ «ԵԱՏՄ-ն պետք է կողմնորոշվի՝ ինքը կա՞, թե՞ չկա»։

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանը, պատասխանելով համապատասխան հարցին և ՀԱՊԿ-ի հետ արվող համեմատությանը, հիշեցրել է, որ կառույցի գործունեությունը նշանակում է ապրանքների, աշխատուժի և ֆինանսների ազատ շրջանառություն։ Եթե սա չկա, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն, կարծում է վարչապետը։ Նրա խոսքով՝ խնդիրներ կարող են լինել մեկ-երկու ամիս, բայց եթե դրանք շարունակվում են արդեն 4-րդ ամիսը, նշանակում է, որ ԵԱՏՄ չկա։ «Եթե չկա, բա մենք ի՞նչ անենք։ Դե, չկա՝ չկա»,- քմծիծաղով նշել է Փաշինյանը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ մայիսին ՀՀ տնտեսական ցուցանիշները 11 տոկոսանոց ակտիվություն են արձանագրել։

Փաշինյանը խոստովանել է, որ ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, բայց այն պետք է մտահոգի նաև ԵԱՏՄ գործընկերներին։ «Վստահ եղեք, որ մտահոգվում են, քանի որ գիտեն՝ նույն բանը կարող է պատահել նաև իրենց հետ։ Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, բայց եթե հարցը չլուծվի, ԵԱՏՄ-ի փլուզումն անխուսափելի է»,- հավելել է Փաշինյանը։