Այսքան մեծածավալ աշխատանքներից հետո, միևնույն է, ստիպված ենք արձանագրել, որ ասֆալտապատման որակի հետ կապված խնդիրներ կան, հատկապես դիտահորերի մոտակայքում։ Այս մասին հունիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ավետ Ավետիսյան փողոցում իրականացված աշխատանքներին, որոնք նա բնութագրել էր որպես որակյալ, հիմնավոր և մասշտաբային։
Հիշեցնելով, որ այդ աշխատանքները դեռևս ընդունված չեն, Ավինյանը, մասնավորապես, նշել է. «Կապալառուները պետք է հասկանան, որ նման ծավալի աշխատանքներից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական՝ թե՛ որակի, թե՛ հարթության առումով։ Նույնը վերաբերում է նաև մեր բոլոր մյուս աշխատանքներին։ Կիևյան կամրջում ահռելի ծավալի աշխատանք է իրականացվում։ Եթե վերջում ասֆալտապատման մասով խնդիր ունենանք, գումար չենք վճարելու»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ նման աշխատանքներից հետո ասֆալտը պետք է լինի իդեալական որակի։
Նրա խոսքով՝ այս հանգամանքը հենց սկզբից անհրաժեշտ է «գրագետ կերպով հասցնել բոլորին»։ Նույնը վերաբերում է նաև քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող մնացած բոլոր աշխատանքներին։ «Կիևյան կամրջի վրա հսկայածավալ աշխատանք է տարվում։ Այս օբյեկտում ներգրավված են ոլորտի մասնագետներ։ Հանկարծ եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու»,- հավելել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ սա ամենակարևոր մանրուքն է։











