5-րդ օրն է, ինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ շարունակում է հացադուլը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺՄ նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը: Վերջինս հացադուլի 7-րդ օրը կհայտարարի շարունակում է  հացադուլը, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արտավազդ Վարդանյանը: Նա նշեց, որ չի կարող ասել, որ իր ինքնազգացողությունը լավ է, բայց բավարար է հացադուլը շարունակելու համար:

Երեկ նրան առաջին անգամ այցելել են շատապօգնության ծառայությունից, Առողջապահության նախարարությունից եւ կարմիր խաչից: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը խորհուրդ է տվել անպայման դուրս գալ հացադուլից:

«Բայց իմ խնդիրը դա չէ»,- նկատեց Արտավազդ Վարդանյանը, հավելելով, որ որ ինչպես, որ կանխատեսել էր, ընտրությունների ընթացքը կանխորոշված էր: «Նույնիսկ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան եւ շատ բարձր տոնայնությամբ բղավի, մեկ է, մեծամասնությունն իրենն է անելու: Այսինքն` ընդդիմությունը միայն  բղավողի դերում է  լինելու որոշողի դերում չի լինելու եւ համակարգային փոփոխություններ չեն անելու: Իսկ եթե չեն տանելու, ինչի՞ են գնում ըայնտեղ»,- նշեց Արտավազ Վարդանյանը:

Նշենք, որ վերջինիս այցելել են միայն բնապահպան երիտասարդները եւ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները:

Ավելի վաղ նա պատասխանելով հարցին, թե ո՞ւմ դեմ է ուղղված իր հացադուլը պատասխանել էր, որ այն ոչ իշխանության, ոչ ընդդիմության դեմ է, այլ ավելի շուտ ուղերձ է հայ հասարակությանը, մտավորականությանը որպեսզի ելքեր որոնեն: «Ի վերջո, եթե ես դիմեի  իշխանություններին, ապա իշխանությունը միշտ լսում է  ուժեղին: Ես ուժեղ չեմ, հասարակությունը եւս այս պահին ուժեղ չէ ընտրություններով որեւէ բան փոխելու համար: Այսինքն` իմ ուղերձն ուղղված է հասարակությանը, որ նա կարողանա ինքնակազմակերպվել, իսկ մտավորականությունը կարողանա ելքեր առաջարկել: Մտավորականության մի մասը կարող է ասել տեռոր, մյուս մասը մեկ այլ բան: Անձամբ ինձ համար հարազատ է այլընտրանքային ընտրություններ կազմակերպելու տարբերակը: Այդպիսի  խոսակցություն սկսել է «Սարդարապատ» շարժումը, բայց լավ կլինի, որ մտավորականությունն իր տարբերակն առաջարկի»,- պարզաբանեց Արտավազդ Վարդանյանը: