Իրավապահները «Արարտցեմենտ» գործարանում գործողություններն սկսել են առավոտյան ժամը 7.30–8–ն ընկած ժամանակահատվածում՝ միանգամից լայնածավալ գրոհելով, նույնիսկ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ֆիզիկական ուժ գործադրելով, վախեցնելով, թե հեսա կձերբակալեն, հանկարծ չմիջամտեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6–ին լրագրողների հետ զրույցում նշեց «Արարատցեմենտի» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը։
«Սա սեփական տարածք է, սեփական տարածք մտնելուց պետք է ներկայանալ, բայց չէ, ապօրինի ձևով վախեցնելով մտել են, ոմանց նկատմամբ նույնիսկ ֆիզիկական ուժ գործադրելով ներխուժել են տարածք, այնուհետև մոտեցել են վարչական շենքին։Երենք ասել են, որ կա դատարանի որոշում, պիտի խուզարկություն անեն, բայց դատարանի որոշման մեջ, բայց նման բան չկա, խուզարկության որոշում չկա։ Նույնիսկ գրված է, որ աշխատասենյակներում, հարակից տարածքներում խուզարկությունն արգելվում է, ու երբ այդ մասին իրենց ասում ենք, իրենց պատասխանը հետևյալն է՝ մենք մեր գործողությունը (01:30) անում ենք, գնացեք, բողոքեք մեր գործողությունների դեմ: Նրանք ներկայացել են որպես ՔԿ աշխատակիցներ։
Բոլոր աշխատողներին են դուրս են հրավիրել, այն մարդիկ, ովքեր պետք է գան հերթափոխ ընդունեն, ոչ մեկին չեն թողել ներս մտնել, դրանով պարալիզացնելով գործարանի աշխատանքը՝ չգիտակցելով, թե ինչ ահռելի վնասներ կարող են հասցնել, ընդհուպ մինչև էկոլոգիական վնասներ կարող են լինել, եթե ճիշտ չհետևենք գործարանի աշխատանքային պրոցեսին»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե սա երկար շարունակվի, հանրապետությունում շինարարական պրոցեսը նույնպես կոլապսի կենթարկվի։
Արտյոմ Պողոսյանի խոսքով, այս պահին դրսում բազմաթիվ ցեմենտի մեքենաներ են կանգնած, դրանք գնորդներն են, որոնք եկել են ցեմենտ գնելու ու հիմա սպասում են։
«ՔՊ աշխատակիցները քիչ առաջ գնացին։ Վարչական շենքի աշխատասենյակները ամբողջությամբ կապարակնքել են, վարչական շենքի մուտքն են ամբողջությամբ կապարակնքել։ Հետագայի մասին ոչինչ չեն ասել, թե հետագա ոնց ենք աշխատելու, ինչ ենք անելու։ Ի վերջո գործարանը պիտի աշխատի, մարդիկ հասկանան՝ գալու են գործի, թե չեն գալու։ Այդ մարդկանց ճակատագիրը, վարձատրելու հարցը, այսպիսի բազմաթիվ հարցեր կան, որոնք այս պահին դեռ հարցականի տակ են։
Ոչ մի բան չեն առգրավել, միայն վարչական շենքն են կապարակնքել»։
Նշենք, որ այսօր առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում համաժամանակյա խուզարկություններ են ընթանում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։ Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության. Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։
Այս առնչությամբ Քննչական կամիտեից NEWS.am—ին միայն հայտնել էին. «Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։











