Ուրումչիի հենց սրտում՝ Սինցզյանի Միջազգային մեծ բազարից ոչ հեռու, գտնվում է Յուեցզինցզեի հարավային միկրոշրջանը՝ այն օրինակներից մեկը, թե ինչպես է փոխվում ժամանակակից Չինաստանի քաղաքային միջավայրը։ Ընդամենը մի քանի տարի առաջ այստեղ կառուցապատումը հին էր, իսկ այսօր ձևավորվել է նոր բնակելի համայնք, որը միավորել է տարբեր ազգությունների և մասնագիտությունների մարդկանց։
Յուեցզինցզեն գտնվում է Տյանշան շրջանի Հեյցզյաշան ենթաշրջանում և զբաղեցնում է մոտ 0,1 քառակուսի կիլոմետր տարածք։ Այստեղ ապրում է 1 479 ընտանիք՝ ավելի քան 4,1 հազար մարդ։ Բնակչությունն առանձնանում է բազմազգ կազմով․ բնակիչների թվում կան խաններ, ույղուրներ, հուեյներ, ղազախներ և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ։ Այդ բազմազանությունը դարձել է միկրոշրջանի բնորոշ առանձնահատկություններից մեկը։

Յուեցզինցզեի ի հայտ գալն անմիջականորեն կապված է քաղաքային միջավայրի թարմացման լայնածավալ ծրագրի հետ։ 2010 թվականին Ուրումչիի իշխանությունները սկսեցին հին թաղամասերի վերակառուցումը, և Հեյցզյաշանը դարձավ առաջին տարածքներից մեկը, որտեղ սկսվեցին վերափոխումները։ Խարխուլ բնակարանների փոխարեն կառուցվեցին ժամանակակից բազմաբնակարան շենքեր, ստեղծվեցին բարեկարգ բակեր, ինժեներական ենթակառուցվածք և հանրային տարածքներ։
Սակայն այստեղ տեղափոխված շատ ընտանիքներ նախկինում ապրել էին գյուղական կամ ցածրահարկ կառուցապատման պայմաններում, ուստի նրանք պետք է հարմարվեին կյանքին բազմաբնակարան շենքում, հարևանության նոր կանոններին և քաղաքային ռիթմին։ Բացի այդ, տեղական կառավարման մարմինների առջև կանգնած էին բնակչության զբաղվածության, հասարակական կյանքի կազմակերպման, բնակֆոնդի սպասարկման և բնակիչների ու վարչակազմի միջև արդյունավետ փոխգործակցության համակարգ ստեղծելու հարցերը։

Այսօր այդ աշխատանքի զգալի մասը կենտրոնացված է Բնակչության սպասարկման միասնական կենտրոնում։ Հենց այստեղ են բնակիչները դիմում սոցիալական վճարների, գրանցման, կոմունալ ծառայությունների և այլ կենցաղային խնդիրների հարցերով։
Միևնույն ժամանակ, կառավարման մոդելը կառուցված է այնպես, որ հարցերի մեծ մասը լուծվի ոչ թե աշխատասենյակներում, այլ անմիջապես մարդկանց բնակության վայրում։ Աշխատակիցների մի մասն ամեն օր աշխատում է միկրոշրջաններում՝ մշտական կապ պահպանելով բնակիչների հետ և օպերատիվ արձագանքելով ծագող հարցերին։ Այդ մոտեցումը թույլ է տալիս ավելի արագ բացահայտել խնդիրները և որոշումներ ընդունել՝ առանց երկարատև վարչական ընթացակարգերի։
Յուեցզինցզեում մեծ ուշադրություն է դարձվում կոնֆլիկտների կանխարգելմանը։ Այստեղ գործում է մեդիացիայի կամավորական խումբ, որի կազմում ընդգրկված են Չինաստանի կոմունիստական կուսակցության փորձառու անդամներ և տարբեր ազգությունների հեղինակավոր բնակիչներ։

Նրանց խնդիրը կողմերին օգնելն է՝ փոխզիջում գտնելու դեռևս մինչ կենցաղային վեճը լուրջ կոնֆլիկտի վերածվելը։ Կամավորները մասնակցում են հարևանների, ընտանիքների ներսում առաջացած տարաձայնությունների կարգավորմանը, ինչպես նաև օգնում են լուծել բնակիչների և կառավարող ընկերությունների միջև ծագող հարցերը։
Շրջանի զարգացմանը զուգընթաց՝ հարցերի շրջանակն ընդլայնվում է։ Ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների և մոբիլ բնակչության թվի աճը հանգեցնում է ավելի բարդ իրավական իրավիճակների առաջացման։ Դրա համար միկրոշրջանում բացվել է Հանրային իրավաբանական ծառայությունների գրասենյակ, որտեղ բնակիչները կարող են անվճար ստանալ իրավաբանների խորհրդատվություն, օգտվել իրավական օգնությունից կամ փորձել կարգավորել վեճը մինչդատական կարգով։

Այս համակարգը լրացնում է «Ինտերնետ+» խելացի տերմինալը, որը միացված է համազգային ցանցին, որը միավորում է ավելի քան 45 հազար փաստաբանների։ Դրա միջոցով շուրջօրյա հասանելի են տարբեր իրավական հարցերի վերաբերյալ անվճար առցանց խորհրդատվություններ։
Յուեցզինցզեի բնակիչների գրեթե 40 տոկոսը կազմում են մարդիկ, որոնք Ուրումչի են եկել Սինցզյանի այլ շրջաններից։ Շատերի համար տեղափոխությունը կապված է աշխատանքի որոնման և կյանքի մակարդակը բարձրացնելու հնարավորության հետ։

Այդ պատճառով զբաղվածությանն աջակցությունը դարձել է տեղի համայնքի գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Այստեղ օգնում են ստանալ տեղեկություններ թափուր աշխատատեղերի մասին, կազմակերպում են փոխգործակցություն գործատուների հետ և ուղեկցում նոր բնակիչների՝ քաղաքային կյանքին հարմարվելու գործընթացը։
Տարածք բոլոր սերունդների համար
Շրջանի սոցիալական ենթակառուցվածքը նախատեսված է տարբեր տարիքի բնակիչների համար։ Երեխաների և երիտասարդների համար գործում է Զարգացման կենտրոն, որտեղ բացված են գեղագրության, նկարչության, երաժշտության և շախմատի դասարաններ։ Տարեցների համար գործում է «Բայշան» ցերեկային խնամքի և առողջացման կենտրոնը, իսկ Ցզոժանմուի ուղիղ հեռարձակումների ստուդիան դարձել է ժամանակակից թվային տեխնոլոգիաների և ստեղծագործական նախագծերի յուրացման հարթակ։ Կրթական, մշակութային և սոցիալական այս հարթակների համադրությունը հնարավորություն է տալիս ձևավորել ակտիվ հասարակական կյանք միկրոշրջանի ներսում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջէթնիկ շփումների զարգացմանը։ Շրջանում պարբերաբար անցկացվում են մշակութային միջոցառումներ, ստեղծագործական հանդիպումներ և տոներ։ Արդեն մի քանի տարի անընդմեջ այստեղ նշվում են ավանդական չինական և պետական տոները, որոնց մասնակցում են տարբեր ազգությունների բնակիչներ։
2022 թվականի հուլիսի 13-ին Ուրումչի կատարած այցի ընթացքում ՉԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, հանդիպելով Տյանշան շրջանի բնակիչների հետ, ընդգծեց տեղական համայնքների զարգացման նշանակությունը և նշեց մշակութային ինքնության ամրապնդման կարևորությունը՝ որպես տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների փոխըմբռնման և միասնության հիմք։

Այսօր Յուեցզինցզեն շարունակում է մնալ այն բանի օրինակը, թե ինչպես է քաղաքային վերակառուցումը շատ ավելին նշանակում, քան պարզապես նոր տների կառուցումը։ Այստեղ միաժամանակ զարգացնում են ժամանակակից ենթակառուցվածքը, հանրային ծառայությունների համակարգը, իրավական աջակցությունը և մշակութային կյանքը։ Արդյունքում ձևավորվում է ոչ թե պարզապես նոր բնակելի թաղամաս, այլ լիարժեք քաղաքային համայնք, որտեղ ուշադրություն է դարձվում ինչպես քաղաքային միջավայրի որակին, այնպես էլ կողք կողքի ապրող մարդկանց փոխգործակցությանը։














Արուս Բակունց, Սոֆի Էլիզբարյան











