Հայաստանի ամենամասշտաբային քաղաքաշինական նախագիծը՝ Defanse Housing-ը, օրեցօր ավելի հստակ ուրվագծեր է ստանում` պատկերելով շենքերի շինարարության ավարտական տեսքը։ 140 հեկտար ընդհանուր տարածքի վրա կառուցվող նոր թաղամասում շինարարական աշխատանքներն ընթանում են բարձր տեմպով։ Արդեն տեսանելի են այն լուծումները, որոնք նախատեսված են ապագա բնակիչների հարմարավետ և որակյալ կյանքի համար։

Նախագծի կարևոր մոտեցումներից են տարբեր ոճային առանձնահատկություններով ընդհանուր շուրջ 8 հեկտար մակերեսով վեց խոշոր միջբակային տարածքները, որոնց միավորում է մեկ գաղափար՝ ստեղծել կանաչապատ, ժամանակակից և մարդակենտրոն միջավայր։ Արդեն կառուցված են պուրակներ, հանգստի գոտիներ, տեղադրվել են անհատական նախագծով պատրաստված նստարաններ և դիզայներական լուսատուներ, որոնք հատկապես երեկոյան ժամերին տարածքին հաղորդում են եվրոպական ժամանակակից թաղամասի մթնոլորտ։

Թաղամասի նախագծման ընթացքում առաջնային ուշադրություն է դարձվել ազատ տարածքներին և կանաչապատմանը։ Շենքերի միջև շուրջ 100 մետր հեռավորությունը ապահովում է առավելագույն բնական լուսավորություն և բաց տեսադաշտ։ Ամեն ջանք գործադրվում է, որպեսզի բնակիչները բնակարանամուտի առաջին իսկ օրից օգտվեն լիարժեք ձևավորված միջավայրից։

Շինարարության հետ մեկտեղ ակտիվորեն ընթանում են նաև շենքերի ներքին համակարգերի տեղադրման աշխատանքները։

Շենքերում արդեն տեղադրվել և բարձր տեմպով շարունակվում են մոնտաժվել գերժամանակակից վերելակներ։ Բացառիկ ֆունկցիոնալությամբ և Հայաստանում նախադեպը չունեցող վերելակները երաշխավորում են առավելագույն հարմարավետություն, անաղմուկ ընթացք և, որ ամենակարևորն է, բացարձակ հուսալիություն ամենօրյա գործածության մեջ։  

Ակտիվ փուլում են նաև շենքերի արտաքին հարդարման աշխատանքները։ Ֆասադներին զուգահեռ տեղադրվում են մեծածավալ վիտրաժային ապակիներ, որոնք ոչ միայն ապահովում են բնակարանների բնական լուսավորությունն ու ընդարձակության զգացողությունը, այլև ընդգծում են թաղամասի ժամանակակից ճարտարապետական ոճը։

Շենքերի կառուցման ավարտական փուլում արդեն ակնհայտ է բարձրորակ շինանյութերի կիրառման սկզբունքը։ Երեսպատման սալիկները, պատուհանները, ինժեներական համակարգերը և մյուս բաղադրիչները տեղադրվում են ոլորտի առաջատար ընկերությունների մասնակցությամբ՝ ապահովելով նախագծի բարձր որակը և երկարաժամկետ հուսալիությունը։

Նախագծի կարևորագույն բաղադրիչներից է նաև ավելի քան 40 հեկտար մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը, որն ունի համաքաղաքային նշանակություն։ Այստեղ արդեն ստեղծվել է ավտոմատացված կաթիլային ոռոգման համակարգ, որի միջոցով խնամվում են տասնյակ հազարավոր ծառեր և էկզոտիկ թփեր։

Անտառ-պուրակում կառուցվում է նաև հանրապետության ամենախոշոր գունաձայնային և լազերային շատրվանը։ Ընդարձակ դիտահարթակների, ժամանակակից տեխնիկական լուծումների և մեծ տարածքի շնորհիվ այն նախատեսվում է դարձնել խոշոր համերգների, մշակութային միջոցառումների և փառատոնների անցկացման կարևոր հարթակ։

Միաժամանակ շարունակվում է թաղամասի ենթակառուցվածքների ձևավորումը։ Ընթանում են առանձնացված հեծանվուղու և ներթաղամասային ճանապարհների կառուցման աշխատանքները։ Իրականացվել են տարածքի գոտիավորման և հարթեցման աշխատանքները, իսկ հաջորդ փուլում նախատեսվում է ասֆալտապատումը։

Defanse Housing-ը նպատակ ունի ձևավորել քաղաքային կյանքի նոր մշակույթ, որտեղ առաջնային են բնակչի հարմարավետությունը, կանաչ և առողջ միջավայրը, ժամանակակից ենթակառուցվածքներն ու պրեմիում որակի բնակելի պայմանները։