Խոստանում ենք չնահանջել մեր պայքարից և այն գործից, որով տարիներ շարունակ զբաղվում ենք՝ չնայած այն ճնշումներին ու բռնաճնշումներին, որոնց ականատեսն ենք եղել տարիներ շարունակ։ Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը, որը եկել էր 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին։

Նա համոզմունք է հայտնել, որ իրենց ամբողջ թիմը նույնկերպ է տրամադրված։ Ըստ նրա, հավաքական ընդդիմության աշխատանքը պետք է տեսանելի լինի ամեն օր։ Քոչարյանը պարզաբանել է, որ ընդդիմության հիմնական և վերջնական նպատակին հասնելը կախված է շատ տարբեր գործոններից։

«Դա կախված է մեր աշխատանքից և շատ այլ գործոններից, որոնք միշտ չէ, որ մեզանից են կախված։ Բայց մենք էլ պետք է առաջնորդվենք այդ առաքելությամբ»,- նշել է նա։ Քոչարյանն ընդգծել է սեփական սխալների վերլուծության կարևորությունը։ «Ես հասկանում եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների պահանջները մեր նկատմամբ, բայց այն ամենը, ինչ նրանք հնարավոր են համարում, իրականում հնարավոր չէ»,- շեշտել է նա։

Լևոն Քոչարյանը վստահեցրել է ընտրողներին, որ հարցերն ավելի արագ լուծելու հնարավորության դեպքում «Հայաստան» դաշինքը չի նահանջի։ «Փորձել ենք, և դա շատերն են տեսել։ Որքան շուտ, այնքան լավ։ Մնացածը կախված է տարբեր գործոններից ու հանգամանքներից»,- վստահեցրել է ընդդիմադիր գործիչը՝ առաջնահերթություններից մեկը համարելով Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը։

«Այն, ինչ կատարվում է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, նորմալ հայի համար չի կարող նորմալ համարվել»,- եզրափակել է նա։