Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, որն այդ պաշտոնի միակ հավակնորդն է, քվեարկությունից առաջ իր ելույթում ընդդիմությանն առաջարկել է «սկսել մաքուր էջից» և անցնել ավելի կառուցողական աշխատանքի։

Ըստ նրա, հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, թե նոր գումարման խորհրդարանն իր աշխատանքի որակով զգալիորեն զիջելու է նախորդին։ Ռուբինյանն առաջարկել է համատեղ ջանքերով հերքել այդ կարծրատիպը։

«Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե կարող ենք պայմանավորվել և միշտ լինել քաղաքավարի՝ առանց միմյանց վիրավորելու։ Դա կլիներ «խաղաղություն աշխարհին»-ի նման կենաց։ Առաջարկում եմ խորհրդարանը դարձնել սուր, բայց քաղաքակիրթ բանավեճերի հարթակ»,- ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը, որը վերջերս քարոզարշավի ժամանակ ընդդիմությանը վենդետայով էր սպառնում։

Ռուբինյանն ընդգծել է, որ այսօրվա օրը համարում է ելակետ իշխանության և խորհրդարանական ընդդիմության հարաբերություններում և կոչ է արել կառուցողական փոխգործակցության։

Ըստ նրա, պատգամավորներն ընտրվել են քաղաքացիների շահերը ներկայացնելու և նրանց խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե իրենց գործունեությունը բացառապես քաղաքական բանավեճերի վերածելու։ «Եթե համաձայն եք, ապա ես և Մանավազյանը (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավար – խմբ․) երաշխավորում ենք համապատասխան վերաբերմունք մեր քաղաքական ուժի կողմից։ Իսկ եթե կարծում եք, որ պետք է շարունակել աշխատել նախկին կանոններով, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» ավելի քան պատրաստ է նաև իրադարձությունների նման զարգացմանը։ Ընդ որում՝ ամենախիստ մեթոդների կիրառմամբ»,- սպառնացել է ԱԺ նախագահի թեկնածուն։

Միաժամանակ նա նշել է, որ չի ակնկալում ընդդիմության աջակցությունն իր թեկնածությանը։

Ելույթի ավարտին Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին՝ համապատասխանաբար «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքների խմբակցությունների ղեկավարների պաշտոններում ընտրվելու առթիվ։