Երևանի «Արարատ Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակցուհի, օպերատոր-խոտանորոշիչ Գայանե Իսպիրյանը դիմել է Կառավարությանը և անձամբ երկրի վարչապետին՝ ձեռնարկության աշխատակիցների անգործությանը վերջ տալու խնդրանքով։

«Տեղի է ունենում բարոյահոգեբանական և տնտեսական ահաբեկչություն։ Մեզ որևէ հստակ բան չեն ասում։ Հույս ունենք, որ Կառավարությունը կլսի մեր պահանջը։ Արդեն մեկ ամիս է՝ չենք աշխատում, և դա լուրջ խնդիր է ընտանիքների համար», — նշել է նա՝ հավելելով, որ ակցիան խաղաղ է, և, ինչպես նախկինում, «Մուլտի գրուպի» ոչ մի աշխատակից իրեն ավելորդ բան չի թույլ տվել։ «Սպասում ենք պատասխանի», — ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է աշխատակցուհին։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը և պահպանությանը։

Օգոստոսի 3-ի առավոտյան Երևանում՝ Կառավարության շենքի մոտ, ընթանում է իշխանությունների որոշմամբ փակված՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտների աշխատակիցների բողոքի ակցիան։

Նախորդ հավաքը տեղի էր ունեցել անցած շաբաթ։ Մարդիկ պահանջում են վերսկսել դադարեցված օբյեկտների (մարզահամալիրների, գործարանների, հյուրանոցների, ռեստորանների և այլն) գործունեությունը և թույլ տալ իրենց աշխատել։ Օբյեկտները պարապուրդի են մատնված հուլիսի սկզբից, իսկ աշխատակիցները զրկվել են ապրուստի միջոցներից և վարկերը մարելու հնարավորությունից։ Նախորդ ակցիայի ընթացքում հանդիպում էր կայացել Կառավարության ներկայացուցչի հետ, ով խոստացել էր վերադասին փոխանցել իրենց պահանջը և պատասխան ներկայացնել։ Այսօր աշխատակիցները հավաքվել են այդ պատասխանը ստանալու նպատակով։ Ընդհանուր առմամբ փակվել է շուրջ 70 օբյեկտ, որոնց մի մասը փոխանցվել է պետական կառավարման։