Աշնանը Հայաստանին սպասվում են ծանր գործընթացներ, և ընդդիմության հիմնական օրակարգը պետք է լինի դրանց դիմակայելը։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա պարզաբանել է, որ սահմանազատման և սահմանագծման պատրվակով իշխանությունները պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել, ընդ որում՝ դա չեն էլ հերքում։ Պատգամավորը հավելել է, որ իշխանությունները մտադիր են նաև առաջ մղել նոր Սահմանադրության նախագիծը՝ չունենալով Ազգային ժողովում բավարար թվով ձայներ։

Խորհրդարանականը վստահություն է հայտնել, որ ավելի լայն հանրային համախմբման դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել ինչպես խորհրդարանական, այնպես էլ փողոցային պայքարի միջոցով։ Սաղաթելյանը միասնության կոչ է արել ընդդիմությանը՝ հիշեցնելով արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ «ՈՉ»-ի ճակատ ստեղծելու իր առաջարկի մասին։ «Մենք պետք է պատրաստ լինենք իշխանություններին հակազդելուն»,- նշել է ընդդիմադիրը։

Նա վստահություն է հայտնել, որ այժմ իշխանությունները փորձում են ժողովրդին հանել ընդդիմության դեմ, որպեսզի հետո սպառնալիքների ու շանտաժի ֆոնին բավարարեն Ադրբեջանի պահանջները։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ իշխանություններն սկսել են այն թեզը, ըստ որի՝ հակապետական ուժեր են անվանում բոլոր նրանց, ովքեր չեն օգնում իրենց կատարել Ադրբեջանի պահանջները։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ – խմբ.) կփորձի կոտրել դիմադրության օջախները, որպեսզի կատարի Ադրբեջանի պահանջները։ Իշխան Սաղաթելյանը չի բացառել, որ Ադրբեջանի պահանջները կատարելու համար Փաշինյանը կփորձի հավաքել մարդկանց և ճնշում գործադրել ընդդիմության վրա։ «Փաշինյանը խոստում է տվել Ալիևին (Ադրբեջանի նախագահ – խմբ.), չի հավաքել բավարար թվով ձայներ և կփորձի սպառնալիքներով, շանտաժով, ձերբակալություններով ու կալանավորումներով հասնել դրան»,- հավելել է պատգամավորը՝ բացառելով, որ Սահմանադրության փոփոխության հարցում «Հայաստան» դաշինքի խմբակցությունից որևէ մեկը կմիանա իշխանություններին։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ եթե «Հայփոստի» հետ կապված պատմության մեջ հայտնված լիներ ընդդիմադիր գործչի ազգականը, նա արդեն կալանավորված կլիներ, և դա կդառնար օրվա թիվ մեկ թեման։ «Այնինչ իշխանություններն այժմ փորձում են պաշտպանվել ու կոծկել հարցը։ Հայկ Կոնջորյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրելով՝ իշխող թիմը կիսում է այդ պատմության պատասխանատվությունը»,- նշել է Սաղաթելյանը։

Նա հավելել է, որ երկրի առջև ծառացած են անհամեմատ ավելի վտանգավոր մարտահրավերներ, քան այն, թե ով կզբաղեցնի ԱԺ փոխխոսնակի աթոռը։ «Ես ուղիղ հարց եմ տվել՝ իշխանությունները երաշխավորո՞ւմ են, որ Տիգրանաշենը չի հանձնվելու։ Հերքում չի եղել։ Հայաստանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերություններն ու տնտեսությանը սպասվող ծանր խնդիրները բուն օրակարգն են, որից էլ փորձ է արվում շեղել հանրությանը»,- եզրափակել է Իշխան Սաղաթելյանը։