Հայաստանի սահմանադրությունը սահմանում է խղճի, մտքի, խոսքի ազատություն, և մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ ցանկացած կարծիք և մարդը իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու, մասնավորապես Ազգային Ժողովում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիրները հայտարարում են, որ այսօր ամոթանքի օր է, որովհետև կաթողիկոսին կանգնեցնում են դատարանի առջև, Ձեզ համար ևս ազգային ամոթի օ՞ր է։

«Ազգային Ժողովը քաղաքական մտքի հավաքման և ներկայացման թիվ մեկ ամբիոնն է, այդ իմաստով ես մեր ընդդիմադիրների հետ համաձայն չեմ։ Ես ունեմ իմ համոզմունքը, ինձ համար Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ,  հայապահպանման գործում անքննելի է։ Ինձ համար Հայ եկեղեցին նույնքան կարևոր է, որքան Հայաստանի Հանրապետությունը։ Սրանք անքննելի արժեքներ են։

Մենք խոսում ենք կոնկրետ անձի մասին՝ Կտրիճ Ներսիսյանի մասին, ով, ըստ լուրերի, խախտել է կուսակրության ուխտը։ Ես, որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ի վերջո ուզում եմ ստանալ ինձ հուսող հարցի պատասխանը. արդյոք դա այդպես է, թե ոչ։ Եթե Գարեգին Բ-ն, ինձ համար Կտրիճ Ներսիսյանը, ապացուցի, որ ինքը չի խախտել կուսակրոնության ուխտը և այն քաղաքացին, ում մասին բոլորս գիտենք, իր դուստրը չէ, դրա լավագույն ձևը հրապարակային այդ մասին խոսելն է, փաստեր ներկայացնելն է»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք հավաստի են այդ լուրերը, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Հայաստանը փոքր է, իմ ընկերները սովորել են, ըստ լուրերի, Կտրիճ Ներսիսյանի դստեր հետ և այդ մասին իր համակուրսեցիները իմացել են շատ-շատ վաղուց։ Այստեղ պարզ հարց է առաջանում, եթե այդպես չէ, ի վերջո Կտրիճ Ներսիսյանը պիտի լիներ առաջին անձը, ով պիտի դուրս գար հրապարակային ներկայացներ փաստեր, որ դա այդպես չէ։ Ես հրապարակային ներողություն կխնդրեի իմ ասած խոսքերի համար»։

Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե այս թեման իշխանությունները բացել են Ադրբեջանի պահանջով, Ռուզաննա Երեմյանն ասաց. «Ընդդիմադիրները այլ խոսույթ, այլ օրակարգ չունեն։ ՀՀ–ի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը իրենք կապում են Ադրբեջանի հետ։ Այստեղ ես եմ ուզում իրենց հակընդդեմ հարցով դիմել. Ինչու՞ են իրենք ադրբեջանական թեզերը, նարատիվները բերում քաղաքական դաշտ, ո՞րն է իրենց դերը, գուցե իրենք նրանց խոսնա՞կն են։ Ադրբեջանական հատուկ հետախուզությունը սինխրոն վստահաբար աշխատում է մեր ընդդիմության հետ։ Նրանք շատ լավ հասկանում են իրենց ասած ցանկացած բառ հայ ընդդիմադիրները բերելու են քաղաքական օրակարգ։ Ո՞վ է ադրբեջանական նարատիվների տարածողը Հայաստանում, ո՞վ է նրանց թեզերի քարոզողը Հայաստանում, ո՞վ էր խոսում 300 ադրբեջանցիների մասին, ո՞վ էր խոսում հայկական մանկապարտեզներում սաֆարովների ընդունվելու մասին, ո՞վ էր ցեղասպանության հուշահամալիրի փոխարեն մզկիթ տեսնում։ Նրանք Հայաստանի արժանապատիվ, ազատ, անկախ, ինքնիշխան քաղաքացուն դեռ պատասխան պիտի տան»։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։