ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 14–ին, Ալեն Սիմոնյանին ներկայացրել է որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, և Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար։

Նա, մասնավորապես, նշել է. «Այստեղ եմ նախ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնելու անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում իր գործունեության համար։ Պարոն Գրիգորյանը ներգրավված է եղել այս ողջ ընթացքում, Անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում ամբողջ ծավալով հասկանալիորեն, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում և ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների կայացման հարցում և դա շատ գնահատելի է։ Եվ ուզում եմ պարոն Սիմոնյանին ներկայացնել որպես Անվտանգության խորհրդի նոր քարտուղար և հաջողություններ մաղթել նրան այդ ոլորտում։

Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդող շրջանում մեր կարևոր և ռազմավարական որոշումների կայացմանը և կարծում եմ որ նաև լինելով Ազգային Ժողովի նախագահ, ըստ էության, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը»։

Իր հերթին ԱՐմեն Գրիգորյանը նշեց. «Կուզենայի առիթն օգտագործել նաև շնորհակալություն հայտնել ԱԽ գրասենյակի թիմին։ Դուք նշեցիք այն աշխատանքները, որում ես ներգրավված եմ եղել, այդ աշխատանքները, որտեղ որտեղ հաջողել ենք, դրա մեջ մեծ ներդրում է ունեցել ախագրասենյակը, որտեղ որ չենք կարողացել կամ թերացել ենք, դա ավելի շատ երևի իմ պատճառով է եղել, ոչ թե երևի, այլ հաստատ։

Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ կատարված աշխատանքի համար, ինչպես նաև շնորհավորել պարոն Սիմոնյանին և հաջողություններ եմ մաղթում»։

Ալեն Սիմոնյանն էլ ասաց. Ե«ս նույնպես շնորհակալ եմ վստահության համար և պարոն Գրիգորյանից եմ շնորհակալ կատարված աշխատանքի համար։ Մենք ունենք լավ ընկերական և գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են, և կարծում եմ, որ կարողանանք միասին աշխատել։ Անկախ այն բանից, որ վարչապետը ասաց, որ տեղյակ եմ և մասնակցել եմ, կարծում եմ դուք պետք է ինձ օգներք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը և հուսամ կկարողանանք իրար հետ աշխատել։ Շնորհակալություն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախորդող շրջանում շատ մեծ և կարևոր աշխատանք է կատարվել, բայց առաջիկայում նույնպես նույնքան մեծ և նույնքան կարևոր աշխատանք պիտի կատարվի. «Ես կարծում եմ առաջին բանը, որ պետք է անենք նախ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելը այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և անվտանգության խորհրդի քարտուղարը առաջիկայում պետք է կենտրոնանան։

Ես դրա վերաբերյալ ունեմ որոշակի և կոնկրետ պատկերացումներ։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու անվտանգության խորհրդի քարտուղարին և անվտանգության խորհրդի գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ։

Մինչ այդ պարոն Սիմոնյան, իհարկե համաձայն եմ, անկախ նրանից, որ պրոցեսներին ամբողջությամբ տիրապետում եք, անհրաժեշտություն կլինի որոշ ժամանակ, ոչ շատ երկար, ծանոթանալ Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատանքի առանձնահատկություններին, կանոնադրական լիազորությունների շրջանակին, և գործունեության կանոնադրության շրջանակին, որից հետո արդեն աշխատանքային կարգով ես կառաջադրեմ այն կոնկրետ խնդիրները, որոնց լուծումները առաջիկայում ակնկալելու եմ ձեզնից և անվտանգության խորհրդի գրասենյակից։

Բացի այն, որ ակնհայտ գործունեության շրջանակ է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստությունը, ԱԽ աշխատանքների կազմակերպումը, բայց դրանից բացի, այլ խնդիրներ նույնպես կան, որոնց շուրջ մենք Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ աշխատել ենք և այդ խնդիրների հետագա լուծումը կարևոր նշանակություն ունեն, բայց դա արդեն աշխատանքային փուլի հարց է, որի վերաբերյալ քննարկումներ կունենանք։