Գործարար և իրավաբան, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Սաքապետոյանը ահազանգում է՝  իր ու ընտանիքի անդամների բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները ապօրինի կերպով հայտնվել են իրավապահ մարմինների ձեռքում։ Դեռ 2024 թվականին, իր դեմ հարուցված ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում փաստաթղթեր է ստացել, որոնց մեջ եղել է տեղեկատվություն իր ընտանիքի անդամների բանկային ամբողջ շարժի վերաբերյալ։

«Իհարկե այդ ժամանակ մտածեցի, որ սրանք ձեռք են բերվել օրինական ճանապարհով, բայց հետագայում բոլոր հարցումները, բոլոր իրավական գործընթացները ցույց տվեցին, որ այս տվյալների ձեռքբերման հիմքում դրված չէ որևէ իրավական հիմք», - ասում է նա։

Ըստ Սաքապետոյանի, օպերատիվ մարմինը կարող է դիմել դատարան և դատարանի որոշմամբ ստանալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, բայց միայն այն դեպքերում, երբ առկա է քրեական գործ՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներով, ինչը իր կամ իր ընտանիքի անդամների դեպքում բացակայում է։  Առանց դատարանի որոշման, մինչդեռ, արտահոսել են 2006-ից 2021 թվականների՝ Հայաստանյան բանկերի իր հաշիվների բոլոր շարժերը։

«Մոտ 26000 տվյալի մասին է խոսքը։ Հիմա այս ժամանակահատվածում ես ունեցել եմ մոտավորապես ութից 10 բանկերում հաշիվներ տարբեր ժամանակաշրջաններում, այսինքն տարբեր արժույթներով, դոլարով, դրամով, եվրոյով, այս ամբողջությունը դա հասանելի է դարձել ոստիկանության աշխատակցին։ Նույնը կնոջս մասով, նույնը եղբորս մասով, անգամ հորեղբորս տղայի մասով, հստակ ավելի տվյալ է, թե ինքը ինչքան է  կոնկրետ 2013-ից 2016 թվականներում իրականացրել արտարժույթի փոխանակում», - պատմում է գործարարը։

Ինչպես է այս ամբողջ տեղեկատվությունը հայտնվել ոստիկանության մոտ։ Արմեն Սաքապետոյանը վատսհ է, որ անօրինական ճանապարհով։ Նա դիմել է Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն ապարդյուն։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ ստացված հաղոդման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ նկարագրված դեպքին հնարավոր չէ տալ նախնական իրավական գնահատական։

«Հենց այսօր մենք ունեինք դատական նիստ ու նույն դատախազությունը պնդում է, որ պետք չի գնալ գործի մեկնարկից նախորդող ժամանակահատվածում ոստիկանությունում տեղի ունեցած փաստերը բացահայտելու: Երկու պարզ պատճառով, մեկ՝ դա իրենց պետք չէ, և երկրորդը՝ մենք օրենքում ունենք մի անտրամաբանական կարգավորում, որը ասում է, որ ուսումնասիրությունը սկսելուն նախորդող ժամանակահատվածին վերաբերող ցանկացած տեղեկատվություն կարող ես ստանալ այն դեպքում, երբ որ գործդ կավարտվի։ Ժողովրդական խոսքով ասած՝ գնա մեռի արի սիրեմն է», - ասում է նա։

Արմեն Սաքապետոյանը մերժումներով չի բավարարվել ու բողոքարկել է իրավապահ մարմինների որոշումները։

Նա փորձել է նաև բանկերից պարզել, թե ինչպես է տեղի ունեցել տվյալների արտահոսքը։ Իրեն վստահեցրել են, որ  ոչ մի արտահոոսք էլ տեղի չի ունեցել։ Սակայն  Սաքապետոյանը իր աղբյուրոների միջոցով ճշտել է՝ այդ տվյալները բանկերից պահանջել է Կենտրոնական բանկը։ Մինչդեռ, ասում է՝ նման բան կարող էր տեղի ունենալ, միայն եթե իրեն կակսածեին, օրինակ,  փողերի լվացման մեջ։ Բայց իր տեղեկություններով՝ նման վարույթ չի եղել։ Գործարարը Կենտրոնական բանկից պաշտոնական պարզաբանում է պահանջում տեղի ունեցածի վերաբերյալ։ Արդեն 23 օր է անցել, բայց դեռևս պատասխան չի ստացել։ NEWS.am-ը ևս փորձեց մեկնաբանություն ստանալ Կենտրոնական բանկից։ Մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

«Փաստը հետևյալն է․ կա կողմ որը որ հերքում է նմանատիպ ապօրինությունը։ Դա բանկերն են, Կենտրոնական բանկն է, քննչական մարմիններն են, դատախազությունն է, ոստիկանությունը։ Եվ ունենք փաստ՝ ոստիկանության կողմից դատախազությանն ուղղված գրություն, որի մեջ հստակ արտացոլված է մեր ողջ կյանքի բանկային պատմությունը։ Հիմա ով ինչքան հերքի, պետք է պատասխանի մի հարցի․ ինչպե՞ս դա հայտնվեց ոստիկանության աշխատակցի ձեռքում։

Եթե չունենք մենք այդ հարցի պատասխանը, ապա կարող եմ այսպես մեկնաբանել, որ բոլորի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հայտնվել նույն ոստիկանության կամ մեկ այլ ոստիկանության աշխատակցի ձեռքում, ուղղակի իրենք դեռևս չգիտեն դրա մասին», - ասում է գործարարը։  

Հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ՊԵԿ նախկին փոխնագահն առայժմ մեկնաբանություն անել չի ցանկանում։ Սակայն նշում է, որ լիովին գիտակցում է․ ժամանակին զբաղեցրել է հանրային պաշտոն և այդ տեսանկյունից հաշվետու է․

«Ես բացառություն չեմ և չեմ կարող լինել, և չեմ դժգոհում, որ իրականացվում է նման վարույթ, իմ խնդիրը այդ վարույթի ընթացքում օրենքի պահպանումն է և օրինականության իրականացումը»։

Սաքապետոյանն ասում է․ անհրաժեշտոթւյան դեպքում դիմելու է անգամ միջազգային կառույցների։

«Ես միանշանակ չեմ համակերպվելուայն փաստի հետ, որ այս հարցով իրականացվի ծածկադմփոց», - ասում է նա։