Լոռիի մարզում առաջիկայում շահագործման կհանձնվի Քարաբերդ գյուղի տարածքում գտնվող ոսկու փոքր հանքավայրը, որի հետ կապված օրերս հասարակական լսումներ են եղել Քարաբերդի գյուղապետարանում: Լսումներին ներկա են եղել հանքի շահագործողները, գյուղապետը, բնակիչներ, Երեւանից ժամանած մասնագետներ:

«Ասմաթ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արամ Օսիկյանի տեղեկացմամբ, հանքավայրը հետախուզվել է դեռեւս խորհրդային շրջանում, շահագործվել անկախ Հայաստանի օրոք, եւ 2005թ-ից հետախուզական աշխատանքները շարունակել է իրենց ընկերությունը: «Պաշարները հաստատվել են, հանքի ընդհանուր տարածքը կազմում է 1 հա, իսկ պաշարները մոտ 1600 կգ ոսկի, մի քիչ էլ արծաթ», տեղեկացրեց նա, հավելելով, որ քանի որ հանքավայրը փոքր է, արդյունահանումը եւս հեշտ կլինի:

Նրա փոխանցմամբ, իրենք հաշվի են առել բնապահպանական բոլոր նորմերը: Շահագործման ժամկետը 11 տարի է: Հանքի բացմանը քարաբերդցիները երկար են սպասել, ինչի առիթով հանքավայրի տնօրենն ասաց. «Առաջին հերթին աշխատատեղի հարցն ենք լուծելու, ընկերությունը պարտավորվել է գումարներ փոխանցել համայնքի սոցիալ տնտեսական զարգացման համար, կլինեն ճանապարհների նորոգումներ, չնախատսված ծախսերի փոխհատուցում»,-ասաց Օսիկյանը, հավելելով, որ լինելու են նաեւ պետական վճարումներ: Քարաբերդցիներն էլ իրենց հերթին հանքավայրը շահագործողից հետաքրքրվեցին, թե արդյոք իր ասածները լոկ խոստումներ չեն լինելու: Գյուղացիները Արամ Օսիկյանին խնդրեցին առաջին հերթին լուծել համայնքի ճանապարհների հարցը:

Հանքավայրի հետ կապված լսումներն ավարտելուց հետո Արամ Օսիկյանը պատասխանելով լրագրողների հարցերին,  մեկ անգամ եւս վստահեցրեց, որ հանքում աշխատողների մոտ 80 տոկոսը լինելու են Լոռիի մարզից:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ հանքի հետ լուրջ կապ ունեն Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը, «Ասմաթ» ՍՊ ընկերության տնօրենը նշեց. «Բացառվում է, նման բան չկա, եթե մեկն ապացուցի դա, հանքն իրեն նվեր կտամ»:

Լոռիի մարզի Քարաբերդ գյուղի մերձակայքում գտնվող հանքավայրը գտնվում է Վանաձոր քաղաքից 4.5 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արեւելք, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Փամբակ գետի ձախ ափին:

Լուսանկարը եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի