Երևանի Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղու ավտոբուսի դետալներից մեկն է այրվել, ինչի հետևանքով էլ ծուխը լցվել է ավտոբուսի սրահ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ականատեսներցի մեկը։

Նրա խոսքով, ծխի պատճառով ավտոբուսում գտնվող մարդիկ անմիջապես դուրս են եկել ավտոբուսից, իսկ հրդեհ չի բռնկվել, ծուխը դադարել է։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը այս դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Օգոստոսի 27-ին՝ ժամը 8․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա երթուղային ավտոբուսում հրդեհ է բռնկվել։

Մինչ ահազանգը ստանալը՝ տարածքում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են թիվ 52 երթուղին սպասարկող ծխացող ավտոբուսը, անմիջապես մոտեցել, արագ տարհանել ուղևորներին և կրակմարիչներով կանխել կրակի տարածումը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոբուսի շարժիչի հատվածում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ուղևորներն ինքնուրույն դուրս են եկել ավտոբուսից։