Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիայի լիակատար իշխանության տակ, և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը տեղի է ունենում հենց այս տրամաբանության շրջանակում։ Այս մասին օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Հիշեցնելով, որ այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է իր ծննդյան օրը, պատգամավորն արձանագրել է, որ Արցախի 4 նախագահներից երեքը գտնվում են Բաքվի բանտում, իսկ Քոչարյանը՝ ՀՀ ԱԱԾ մեկուսարանում։
«Սա պատահական չէ։ Այնտեղ, որտեղ Ալիևի ձեռքը չի հասնում, օգնության է շտապում Նիկոլ Փաշինյանը։ Բոլորը պետք է իրենց հարց տան՝ ընտրություններից հետո, երբ կա ձևավորված իշխանություն, ինչո՞ւ է պետք Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Ակնհայտ է, որ Հայաստանին և հայ ժողովրդին լուրջ փորձություններ են սպասվում»,- զգուշացրել է պատգամավորը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է Տիգրանաշենի հանձնմանը, որը Փաշինյանի թեթև ձեռքով դարձել է «Քյարքի», ինչպես նաև Սահմանադրության փոփոխությանը և Անկախության հռչակագրից հրաժարվելուն։
«Այս նպատակով Փաշինյանը փորձում է քաղաքական դաշտից չեզոքացնել ամենակարևոր ընդդիմախոսներից մեկին։ Քանի որ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիայի լիակատար իշխանության տակ և մտադիր է թշնամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից է»,- նշել է Գրիգորյանը։











