Սեպտեմբերի 3-ին Հայաստանի կառավարության նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցողը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր։ Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նախաձեռնել է բռնության դեմ լայնածավալ արշավ, որի նպատակն է կանխել ընտանեկան բռնությունը, ապահովել ընթացիկ դեպքերի արդյունավետ քննությունը, ինչպես նաև հասարակության մեջ ձևավորել զրոյական հանդուրժողականություն բռնության նկատմամբ ընդհանրապես։
«Հենց այս արշավի շրջանակում էլ ձևավորվել է օրինագծերի փաթեթը, որի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը», - ասել է Սարգսյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, նշել է.
«Փորձ է արվում ասել՝ Ստամբուլյան կոնվենցիա և այլն, և այլն։ Ստամբուլյան կոնվենցիա... այո, բայց անհրաժեշտ է արձանագրել, որ այս գործընթացը դրա հետ կապված չէ։ Այն կապված է կոնկրետ իրավիճակների հետ, որոնց մենք բախվել ենք»։











