Մեծ ակնկալիք չպիտի ունենանք դատարանից, ես ուզում եմ հիշեցնել ձեզ Նիկոլ Փաշինյանի նախկինում կատարած հայտարարությունը, որ երբ դատավորն արդարացրել էր Գագիկ Ծառուկյանին, ասել էր՝ մի հատ այդ դատավորի հետևից գնացեք, տեսեք, թե առանց իշխանության դաբրոյի ոնց է որոշումներ կայացրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործին։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելով, Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ թքած ունի օրենքի վրա, նաև մարդկային չգրված օրենքների վրա. «Օրինակ մարդկանց տուն մտնելը, մարդուն գետնին տապալելը՝ ծնողի մանկահասակ երեխաների  ներկայությամբ։

Ավելի քան ակնհայտ է, մեծ գիտելիքներ պետք չի հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանը այդ հանձնարարությունները տվել է ինչ-որ մի բան սարքելու և այդ մարդուն անազատության մեջ պահելու համար։ Հայաստանում ընդիմադիր գործունեությամբ զբաղվող անհատները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, մասնակցել են ընտրություններին, այդ ընտրություններին ստացել են վստահության քվե, այդ մարդիկ հայտնվել են ԱԱԾ մեկուսարանում։

Ուզում եմ հիշեցնել, որ ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չանցավ խորհրդարան»։ Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ այս քայլերը տեսնելով ոչրէ ներդրող չի գա Հայաստան. «Միջազգային այն ինստիտուտները, որոնք վարկանիշ ձևավորող ինստիտուտներ են, հիմա արդեն փաստում են, որ Հայաստանը այդ առումով հետընթաց է ունեցել, և նայելով այդ հետընթացին,  չգիտեմ, այդ որ գործարարը, որ պիտի թքած ունենա իր կապիտալի վրա, որ գա, մի հատ էլ ներդրում կատարի ՀՀ–ում։ Սրա հետևանքները մենք առաջիկայում քաղելու ենք, սրա հետևանքները անդառնալի են լինելու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար և ուղղակի ազդելու են ներդրումային միջավայրի վրա, արդեն իսկ ազդում են»,–ասաց նա։